Տան բակում բարձրախոսով հնչեցրել են մահացած զինվորի անունը
Հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից երեկ մահացած Կարեն Գրիգորյանին մեկ ամսից քիչ էլ ժամանակ էր մնացել զորացրվելու համար: Իսկ այսօր նա դիրքերից պետք է իջներ զորամաս: Կարեն Գրիգորյանի մահվան լուրը նրա հարեւաններն իմացել են շենքի բակում բարձրախոսով արված հայտարարությունից: Կարենը Մասիսից է։ « Քաղաքացիական հագուստով անձինք, հավանաբար ՊՆ աշխատակիցներ, հայտարարում էին Կարեն Գրիգորյան, Կարեն Գրիգորյան: Մենք մոտեցանք եւ հարցրեցինք, թե ինչ է կատարվել: Նրա ծնողներն այստեղ չեն, Ռուսաստանի Դաշնությունում են: Տեսան, որ ոչ-ոք չի իջնում, թողեցին, հեռացան»,- «Ա1+»-ին ասաց ահաբեկված հարեւաններից մեկը: Հիշեցնենք, որ հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Արմենի Գրիգորյանը: