«Պետությունը հնարավորություն էր տվել դիտորդներին ֆիքսել խախտումները եւ բողոքարկել». փոխնախարար (տեսանյութ)
Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Այդ կապակցությամբ «Մեդիա կենտրոն»- ում հրավիրված քննարկման ընթացքում ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ներկայացրեց ոլորտում գրանցած ձեռքբերումները: «2015 թվականը կարեւոր տարի էր կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Որպես կարեւորագույն իրադարձություն՝ այս տարի ստեղծվեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որն իր առաջին նիստում ընդունեց 2016-2018 թվականների համար ռազմավարության ծրագիրը»,-ասաց նա՝ հավելելով, որ ծրագիրը հավանության է արժանացել Հայաստանում ԵՄ դեսպանի կողմից: Ինչ վերաբերում է կոպուպցիայի նվազման ցուցանիշին, ապա 2012 թվականից սկսած՝ կոռուպցիոն երեւույթները մեր երկրում, պարզվում է, նվազել են: «Եթե այսպիսի դանդաղ լավացումը շարունակվի, կարող ենք ասել, որ 2015-ին կա բարելավում»,-պարզաբանեց քննարկմանը ներկա՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ նշելով, որ այս տարվա ցուցանիշերը հրապարակվելու են 2016 թվականի հունվարին: Ի դեպ, Սահմանադրության նոր նախագծում հոդված է ավելացվել ապօրինի հարստացման վերաբերյալ: Այս առումով Սուրեն Քրմոյանն ասաց. «Ապօրինի հարստացումը քրեականացնելու առաջարկը եղել է հենց քաղաքացիական հասարակության կողմից: Ընդունելով առաջարկությունը, բուռն քննարկել ենք այն եւ նախնական տարբերակով ընդգրկել օրենսգրքում: Սակայն կան ռիսկեր, այդ իսկ պատճառով պետությունը հետաձգում էր այդ գործիքի ներդրումը, բայց մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը քննարկելու է այդ ռիսկերը»: Բանախոսներն անդրադարձան նաեւ դեկտեմբերի 6-ի հանրաքվեին եւ դրա ընթացքում արձանագրված ընտրախախտումներին: Սուրեն Քրմոյանն այս առումով ասաց. «Ես որպես իրավաբան, որպես երկրի քաղաքացի, ուղղակի կասեմ, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարվա ընտրություններում կային տեխնիկական բազում հնարավորություններ: Պետությունը հնարավորություն էր տվել դիտորդներին ֆիքսել խախտումները եւ բողոքարկել: Բայց եթե խոսում ենք բազմաթիվ խախտումների մասին, ապա երեկվա դրությամբ բողոքարկում տեղի է ունեցել 1997 ընտրատեղամասերից միայն 78-ի համար»: