«Գալու է այդ պահը, որ ես ասելու եմ՝ դիմադրեք». Ժ. Սեֆիլյան. (թարմացվում է) (տեսանյութ)
«Այո»-ի շտաբը լայնամասշտաբ հանցագործությունների է գնացել և այն, ինչ տեսանք, ուղղակի հանցագործությունների տարբեր հոդվածներ էին պարունակում: 95 տոկոս Ոչ-ը որքան էլ նկարեն, պարզ է՝ այնքան ավելի ճչացող է լինելու: Ուստի այդ ճիչը շատ ուժեղ էր, կարելի է ասել՝ դինամիկներով ճիչ էր»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Նոր Հայաստան» շարժման անդամ Արմեն Մարտիրոսյանը: Այն, որ ոստիկանները թույլ չտվեցին վրան տեղադրել, նա նորմալ է համարում. «Խնդիր չեմ տեսնում, օրենքը, իրավունքը բնական է՝ պետք է խախտվի: Եթե այստեղ այլ քանակությամբ քաղաքացիներ լինեին, վրանի հետ կապված խնդիր չէր առաջանա: Սա մի փոքր տեստ է՝ իշխանությունների հանդուրժողականության, մարդկային վերաբերմունքի, օրենքի տառին հետևելու վերաբերյալ, ոչ ավելին: Մինչև հիմա եթե այս ցրտին մենք մեր նստացույցը շարունակել ենք գիշեր ու զօր, այսուհետ ևս շարունակելու ենք»,-շեշտեց նա: «Նոր Հայաստան» շարժման մեկ այլ անդամ՝ Ժիրայր Սեֆիլյանն իր հերթին նշեց. «Հերթական անգամ աշխարհին ցույց տվեցինք, թե Հայաստանում ինչ անմարդկային կառավարող համակարգ է իշխում: Այս փաստը միայն բավարար պետք է լինի բոլորին՝ հասկանալու համար, որ օր առաջ պետք է ձերբազատվել այս ռեժիմից: Եթե ոչ՝ մեր ժողովուրդն ապստամբելու է: Կգա պահը դիմադրելու, ես կասեմ այդ պահը: Պետք է խնդրեմ բոլորիցդ, որ համբերություն ունենաք: Գալու է այդ պահը, որ ես ասելու եմ՝ դիմադրեք: Ուշ չի լինելու այդ պահը»: Այսպիսով, լրագրողների հետ հարցուպատասխանն ավարտվեց: ....... 17.40. Քիչ առաջ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը փորձեց վրան տեղադրել։ Քաշքշուկ սկսվեց ոստիկանների հետ։ Վերջիններս արագ հավաքեցին վրանը։ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում համազգային հանրահավաքին ընդառաջ հրավիրում է մամուլի ասուլիսներ, որոնց ընթացքում Ճակատի քաղաքական խորհրդի անդամները և ներկայացուցիչները հանդես կգան իրավիճակի և Ճակատի հետագա քայլերի մասին համառոտ ելույթներով, ինչպես նաև կպատասխանեն լրագրողների հարցերին: Ասուլիսները տեղի կունենան Ազատության հրապարակում՝ դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին՝ ժամը 17:00-ին: