Հ. Նաղդալյանը կոչ արեց ժողովրդին՝ չլսել Զ. Փոստանջյանին (տեսանյութ)
ԱԺ-ն շարունակում է 2016թ. պետական բյուջեի լրամշակված եւ փոփոխված նախագծի քննարկումը: Իր ելույթի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ավելի շատ կենտրոնացավ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի վրա: Ըստ նրա՝ այդ հանրաքվեով պարզ դարձավ՝ արդյոք գործող իշխանությունները վստահություն ունե՞ն, թե ոչ հանրության մոտ. «Պարզվեց, որ չնայած՝ գործող իշխանություններն օգտագործեցին իրենց ողջ զինանոցը՝ ընտրությունները կեղծելու համար, ստացան իրենց գնահատականը...»: Նրան ընդհատեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ասելով. «Տիկին Փոստանջյան, դուք ոնց որ խառնել եք՝ սա այդ հարցը չէ, սա պետական բյուջեն է»: «Ես պետական բյուջեի մասին եմ խոսում, որն ամենաքաղաքական փաստաթուղթն է: Խնդրում եմ մի ընդհատեք, լավ: Դուք այդ իրավունքը չունեք»,- կոչ արեց Զարուհի Փոստանջյանը: Այնուհետեւ, տիկին Փոստանջյանը պատմեց, թե ինչպես է հնարավոր կուռ ավտորիտար ռեժիմի պայմաններում ընդդիմությունը հաղթի, եւ նա բերեց Վենեսուելայի օրինակը: Ըստ նրա՝ այստեղ թեեւ ընդդիմությունը ձերբակալված էր, սակայն ընտրություններին հաղթանակ տարավ. «Մեզ մոտ հանրաքվե, ըստ էության, տեղի չունեցավ. քաղաքացիները ոչ միայն խոհանոցում են իրենց դժգոհությունը հայտնում, այլեւ կես միլիոն մարդ գաղտնի քվեարկությամբ ասաց՝ ոչ: Հիմա մեր խնդիրն է՝ այդ գաղտնի ոչ-ը դարձնել ակնհայտ, հեղեղել ՀՀ բոլոր քաղաքների հրապարակները, չպետք է սպասենք»: Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ իշխանությունները խուճապի մեջ են, քաղաքական կոնսենսուս ՀՀ-ում չկա, քաղաքացիները չեն վստահում իշխանություններին. «Կոչս ՀՀ քաղաքացիներին՝ ինչպես Վենեսուելայում, այնպես էլ այստեղ մեզնից յուրաքանչյուրն իր տեղում պետք է առաջնորդվի համակարգային փոփոխությունների գաղափարով՝ խաղաղ ընդվզման գործիքները օգտագործելով: Մենք չպետք է հուսախաբվենք, բայց այդ «ոչ»-ին պետք է տեր կանգեք փողոցներում: Հիմա՝ այս պահից սկսած, հրաժարվեք վճարել հարկերը, տուգանքներից, որոնք գնում են Սերժ Սարգսյանի ընտանիքի գրպանը, բանկերի հետ ձեր ունեցած պայմանագրերը վերանայեք, ստիպեք նոր վարկային պայմաններ տրամադրեն ձեզ: Եթե սա սկսեք անել, ապա այս ռեժիմը կսկսի տապալվել»: Նրա ելույթից հետո Հերմինե Նաղդալյանը կրկին արձագանքեց. «Պոպուլյարությունը բարձրացնելու խնդիրն են լուծում, երբ տալիս են Սերժ Սարգսյանի անունը: Խուճապի մեջ են նրանք, որոնք անընդհատ կոչ են անում չհուսախաբվել, իշխանությունը նման խնդիր չունի: Հարգելի քաղաքացիներ, եթե այս կոչերին դիմեք, էլ ավելի մեծ տուգանքների տակ կընկնեք: Չլսեք այդ կոչերը»: