«Հիմա որ Զուրաբյանը գնացել է Աշոտյանի հաղորդմանը, էդ ընդդիմադի՞ր է» (տեսանյութ)
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին տխրեցնում է այն փաստը, որ երեկ սոցիալական ցանցերի ու հեռուստատեսության արձանագրած հանրաքվեի արդյունքները եղել են իրարից շատ տարբեր. «Երեկ երբ նայում էի սոցիալական կայքերը եւ հետո հեռուստացույց, տպավորություն էր, թե արեւելյան ու արեւմտյան Հայաստաններ էին, տարբեր պետություններ էին, տարբեր մարդիկ էին քվեարկել»,- ասում է նա ու հավելում՝ սա տոտալ անվստահության արդյունք է, մեկը մյուսի նկատմամբ: Պարոն Քոչարյանը տեղեկացրեց, որ ինքը անվավեր է դարձրել իր քվեաթերթիկը, գրելով՝ «Եսիմ է»: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք մեկ է ձեզ համար կանցնի հանրաքվեն, թե չի անցնի, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Մեկ չէ, պարզապես, որոշ կետերում ես այո-ի հետ էի համաձայն, որոշ կետերում՝ ոչ-ի, դրա համար որոշեցի այդպես վարվել: Կարեն Քոչարյանն այսօր ամփոփեց նաեւ «ԱՅՈ և ՈՉ» ռեալիթի շոուի արդյունքները: Նա համոզված է, որ շոուի շնորհիվ կոտրվեց համընդհանուր ապատիան. «Մարդիկ սկզբում ոչնչից տեղյակ չէին, ասում էին ո՞ւմ օգտին պիտի քվեարկենք, իսկ վերջում նրանք արդեն սահմանադրությունից էին հարցեր տալիս»: «Ա1+»-ի հարցին, թե ի՞նչ եզրակացրեց Կարեն Քոչարյանը մեկ ամսում, բնակիչները ուզում են բարեփոխումներ, թե ոչ, նա պատասխանեց. «Մարզերի բնակչության համար լրիվ մեկ է, իրենց լրիվ ուրիշ բան է հետաքրքրում»: Քաղտեխնոլոգը նաեւ հավելեց, որ կուզենար շոուին մասնակցեին նաեւ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ «Նոր Հայաստանը». « Ես բոլորին դիմել եմ, նրանք ասել են, որ իշխանական պրոեկտ է, հետո ի՞նչ, հիմա որ Զուրաբյանը գնացել է Աշոտյանի հաղորդմանը, էդ ընդդիմադի՞ր է: 240 ժամ ուղիղ եթեր էր, ինչ ուզեին՝ կարող էին ասել, ինձ թվում է՝ հետո փոշմանել են, բայց արդեն ուշ էր»: