Հիվանդության պատճառով աշխատանքի չեն ընդունում (տեսանյութ)
34-ամյա Մարատ Շամիրյանը չի կարողանում աշխատանք գտնել: Նա 5 տարի պայմանագրային հիմունքով ծառայել է բանակում: Սակայն ամիսներ առաջ բժշկական հանձնաժողովը ոչ պիտանի է ճանաչել ծառայության համար՝ «Ոչ լրիվ շիզոֆրենիա» ախտորոշմամբ: «Ա1+»-ի խմբագրություն եկած Մարատ Շամիրյանը պնդում է, որ պատրաստ է կրկնակի բուժհետազոտության ենթարկվել, միայն թե ապացուցվի, որ որեւէ հիվանդություն չունի: Նրա խոսքերով՝ իր սեւ օրերը սկսել են այն ժամանակ, երբ գործուղման ժամանակ վատ սննդի եւ պայմանների վերաբերյալ նամակ է գրել Սերժ Սարգսյանին եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այժմ մանկատան նախկին սանը հայտնվել է սոցիալապես վատ պայմաններում, չի կարողանում մարել նաեւ բանկերից վերցրած վարկերը: Աշխատանքի էլ չեն տեղավորում: «Էջմիածնի քաղաքապետարան եմ դիմել եւ նույնիսկ մասնավոր տեղեր, ասել են այդ հոդվածով չենք կարող քեզ ընդունել գործի»,- ասում է նա: Մարատ Շամիրյանը սումգայիթյան ջարդերի ժամանակ է տեղափոխվել Հայաստան, երկկողմանի ծնողազուրկ է, սակայն զինծառայության է գնացել իր սեփական կամքով: Այժմ իր նորաստեղծ ընտանիքի հետ ապրում է Էջմիածնում՝ պետության կողմից հատկացված բնակարանում: Մտավախություն ունի, որ տնից էլ կզրկվի: Բնակարանը 10 տարի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է նրան, բայց հաջորդ տարի լրանում է ժամկետը : «Եթե նույնիսկ կառավարությունը նվիրատվություն անի, կզրկվեմ նաեւ դրանից՝ վարկերի պատճառով»,- ավելացրեց նա: Նա պատկան մարմիններին խնդրում է ուշադրություն դարձնել իր հարցին: