Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր Հայաստանը» երեկոյան պատրաստվում է վրաններ տեղադրել (տեսանյութ)

Քաղաքականություն
opera

Այսօր հանրահավաքից հետո Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը վրաններ է տեղադրելու: «Հրապարակային դիմում ենք մշակույթի նախարարությանը, որ վերացնի դրված սահմանափակումը վրան տեղադրելու համար: Ակնհայտ է, որ այս պայմանները ենթադրում են, որ պիտի դա արվի: Քաղաքապետարանն ընդունել է շուրջօրյա իրազեկման մեր դիմումը: Եթե մշակույթի նախարարությունը խնդիր ունի մեզ հետ համաձայնեցնելու հարցը, թե որտեղ պիտի տեղադրվեն վրանները, որ հնարավորինս չխանգարեն մշակույթի հուշարձանին, մենք սիրով դա կհամաձայնեցնենք, իսկ եթե ոչ, մենք կհամարենք, որ իրենց համար միեւնույն է»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը: «Նոր Հայաստանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանն այս գիշերը լուսացրել է բաց երկնքի տակ: «Գիշերը անցավ հանգիստ, խաղաղ եւ առանց միջադեպերի: Երեք տասնյակ մարդ մոտավորապես կար: Քննարկում էինք իրադարձությունները, ընթացքում տարբեր մարդիկ խմբերով մոտենում էին, երիտասարդներ էին գալիս մեծ թվով»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց նա: Մեր հարցին՝ եղանակը չի՞ խանգարում, Ավետիսյանը պատասխանեց. «Ինչքան էլ խանգարի, գործը պետք է շարունակել: Հասկանալի է, որ ոչինչ հավերժ չէ, անգամ ռեժիմը, ուր մնաց՝ եղանակը»: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Երեկվա հանրահավաքը եւ երթը շատ ոգեւորիչ էին: Միայն հանրահավաքի մասնակիցների թվով չի կարելի դատել: Մեր միջոցառումները 100 հազարի չափ դիտումներ են ունենում համացանցում»,-ասաց նա՝ հավելելով, որ ցանկացած պարագայում մնալու են հրապարակում: