Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր Սահմանադրությամբ պատերազմի դեպքում նախագահը կդառնա անգլուխ ձիավոր» (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը եւ քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը հարցի վերաբերյալ ներկայացրեցին իրենց դիրքորոշումը: Գուրգեն Եղիազարյանն առաջարկեց պատկերացնել, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե Աստված մի արասցե, թուրքական զորքերը մտնեն Հայաստան. «Նման պայմաններում մեզ օպերատիվ կառավարում է պետք, որը նոր Սահմանադրությունը թույլ չի տալիս ունենալ: Պատերազմական իրավիճակում հնարավոր չի լինելու պառլամենտ հավաքել եւ որոշում կայացնել: Նոր Սահմանադրության մեջ գրված է, թե երկրի գլուխը նախագահն է, բայց պատերազմի դեպքում նա վերածվում է անգլուխ ձիավորի: Նա ոչ մի բանի պատասխանատվությունը չի ստանձնելու»: Խոսրով Հարությունյանը հակադարձեց նրան՝ ասելով. «Պատերազմական իրավիճակում երկրի քայլերի վերաբերյալ որոշում է կայացնում շտաբի պետն ու պաշտպանության նախարարությունը: Ասում են, թե գերագույն հրամանատար չկա: Ինչու՞ պիտի խաղաղ պայմաններում նրա անհրաժեշտությունը լինի»: Բայց Գուրգեն Եղիազարյանը պատերազմից էլ վատ բան է տեսնում նոր Սահմանադրության մեջ: «Նոր Սահմանադրությունը ուղիղ հարվածում է երկու ուղղությամբ: Առաջինը ընտանիքն է: Երեխաներին, անչափահասներին տրվող այդ իրավունքները, որոնք Եվրոպան պարտադրել է մտցնել, կարող են քայքայել ընտանիքները: Ռուսաստանը միանգամից ոչ ասաց, բայց մեր փոքրիկ Հայաստանը ուզում են լցնել գոմիկներով: Եվրոպայում կա վեց սեռ, Ամերիկայում՝ հինգ: Նոր Սահմանադրությամբ հետագայում կարող են երեխաներին թույլ տալ, որպեսզի 16 տարեկանը լրանալուց հետո իրենք ընտրեն իրենց սեռը, ինչպես այլ երկրներում է: Վաղն էլ մեր առաքելական եկեղեցուն կստիպեն պսակել համասեռամոլներին»,-ասաց նա: Խոսրով Հարությունյանն էլ վստահեցրեց, թե նման բան չկա եւ չի կարող լինել: Ըստ նրա՝ Սահմանադրության նոր նախագիծը նման իրավական հիմքեր չի ենթադրում: «Հայաստանը երբեք նման օրենք չի ընդունի»,-եզրափակեց նա: