«Տոներին եռակի աճում են գները, բայց չէ՞ որ ստամոքսը նույնն է» (տեսանյութ)
«Թունավորումների դեպքերը մնում են անհետևանք»,-այսօր դարձյալ Արմավիրի մարզում սննդային թունավորման հետևանքով հոսպիտալացված 40 երեխաների դեպքը հիշեց «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը։ Նա դիմել է Առողջապահության նախարարություն և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն. «Ինձ ուղարկել են 300 գրամ թուղթ, որը չի պարունակում բովանդակություն»,-նշեց պարոն Պողոսյանը։ Անդրադառնալով Նոր տարվա շրջանում սննդի գներին՝ սպառողների պաշտպանը նշեց. «Վատ ավանդույթ է դարձել ամանորյա գնաճը։ Դեկտեմբերին եռակի աճում է առաջին անհրաժեշտության ապրանքների, հատկապես՝ սննդի գինը։ Բայց չէ՞ որ մարդու ստամոքսը նույնն է»։ Պարոն Պողոսյանը ցավում է, որ գործող մի շարք հանձնաժողովներ, որոնք կոչված են զբաղվելու այս խնդիրներով, պատշաճ կերպով դա չեն իրականացնում։ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կից հանձնաժողով կա. հարցրի՝ ինչո՞ւ հերթական նիստ չեք անում, ինձ պատասխանեցին, թե վերջին նիստին դուք ներկա չէիք։ Բայց ի՞նչ կապ ունի՝ ես ներկա էի, թե ոչ, ես չե՞մ կարող հիվանդանալ»։ «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ ղեկավարը նշեց նաև, որ կա այսպես ասած կրիմինալ թանկացում, երբ կարող են օրինակ հացի քաշը մի քանի գրամով նվազեցնել, և այդ մասին ոչ ոք չիմանա, քանի որ ամեն օր չենք կշռում հացը։