Վերաքննիչ դատարանն ավարտեց Արտակ Բուդաղյանի բողոքի քննությունը. Ազատություն
Վերաքննիչ դատարանում այսօր ավարտվեց Սյունիքի մարզպետի տան մոտ երկու տարի առաջ տեղի ունեցած միջադեպի արդյունքումսպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ Արտակ Բուդաղյանի բողոքի քննությունը: Բուդաղյանը բողոքարկում էր Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, որով նա մեղավոր էր ճանաչվել Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ, ենթարկվել էր դրամական տուգանքի և համաներմամբ ազատվել պատժից: Մեղադրող դատախազ Կարեն Հարությունյանն այսօր դատարանում հայտարարեց, թե միջադեպի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի պահվածքն էլ վկայում է, որ նրա եղբայրը սպառնալիքներ է հնչեցրել․ - «Նա [Ավետիք Բուդաղյանը] րոպեներ առաջ դեպքի վայր հասնելով, զգուշացրել է այնտեղ գտնվողներին Արտակ Բուդաղյանի գալու մասին՝ հորդորելով, որպեսզի նրանք զգույշ մնան»: Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ գործով տուժողը Սուրիկ Խաչատրյանի կինն է՝ Լորետա Բարսեղյանը, և պետք է հիմնավորվեր, որ հենց նրա հասցեին են հնչել սպանության սպառնալիքները: Մինչդեռ, Ալումյանի խոսքով, վկաները իրենց սկզբնական ցուցմունքներում ոչինչ չէին ասել սպառնալիքների մասին․ - «Ամենամերձավոր ազգականներն են Սուրիկ Խաչատրյանի, Տիգրան Խաչատրյանի, Տրդատ Խաչատրյանի, մեկը մորաքույրը, մեկը հորաքույրը․․․ Ի՞նչը կարող էր դրդել այս անձանց չասել ոչինչ սպառնալիքների մասին, եթե սպառնալիքները իրոք եղած լինեին»: Առավել մանրամասն՝ այստեղ