Ես չէի համարձակվի սահմանադրությանը ձեռք տալ. Հր. Բագրատյան (տեսանյութ)
«Այո-ոչ» ռեալիթի շոուի շրջանակում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն Արենի գյուղի բնակիչներին բացատրում էր, թե ինչու ասել ոչ նոր սահմանադրությանը. «Սահմանադրությունն այնպիսի բան է, որ 5-6 պետություն չունեն, այդ թվում՝ հրեաները, Անգլիան` ասելով, որ այդքան խելոք մարդ չունեն, որ սահմանադրություն գրեն։ Ես, հավատացեք, այդքան փոքր մարդ չեմ գիտության մեջ. երեք երկրում գիտության դոկտոր եմ, քիչ կա հիմա Հայաստանում այդպիսի դեպք։ Բայց ես չէի համարձակվի սահմանադրությանը ձեռք տալ։ Իմ խորին համոզմամբ՝ դա բարոյական խնդիր է, սահմանադրությունը պետք է գրի ժողովուրդը։ Երբ Արիել Շարոնին հարցրին, թե ինչու Իսրայելը սահմանադրություն չունի, նա ասաց. ժողովուրդը կգրի ընթացքում»։ Գործիչը շեշտեց, որ երկրի գլխավոր փաստաթուղթը փոփոխելը չափազանց լուրջ գործընթաց է և հիմա մեզ անհրաժեշտ չէ։ «Սահմանադրությունը մաթեմատիկական խնդիր չի. նստեմ, լուծեմ։ Դրա համար ենք իշխանություններին ասում՝ ուշադրություն դարձրեք։ Բա որ հակառակը եղավ, բա որ 3 տարի հետո նորից եկաք, ասացիք՝ էլի մնացինք կոտրած տաշտակի առաջ»։ Պարոն Բագրատյանը վստահ է՝ եթե հանկարծ անցնի սահմանադրությունը, նոր կրակի մեջ ենք ընկնում։