«Ցավում եմ, որ լուրջ եք ընդունում Շմայսի մակարդակի մարդու ասածները»
ԱԺ ճեպազրույցներին այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր խոսքում անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության գործունեությանը եւ վերջին հակահայկական զեկույցի ընդունմանը, նշեց, որ հիմնական պատասխանատուի անպատասխանատու դիրքորոշման արդյունք էր դա. «Դա տարիներ շարունակ է եղել: Ցանկալի է, որ պատվիրակությունը եռանդուն աշխատի, սակայն պատվիրակությունը չի կարող անջատ գործել արտաքին դիվանագիտության պատասխանատու ինստիտուտից»: Տիկին Փոստանջյանը, խոսելով ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի հայտարարությունից, ասաց. «Ցավում եմ, որ լուրջ եք ընդունում Մանվել Բադեյանի՝ Շմայսի մակարդակի մարդու ասածները»: Նշենք, որ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե Զարուհի Փոստանջյանը ԱՄՆ դեսպանատանը ՀՀ-ում արյունահեղությանը կողմ խոսքեր է ասել: Ինչ վերաբերում է «Նոր Հայաստան»-ի «ոչ»-ի պայքարին եւ դեկտեմբերի մեկի անհնազանդության կոչերին, ապա տիկին Փոստանջյանն ասաց. «Հեղափոխության օր չենք նշանակում, այլ ընդամենը անհնազանդության գործողությունների շարք ենք սկսում: Յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է դառնա առաջնորդ»: