Քաղաքացին՝ իշխանություններին. «Կուշտ ենք, հանգիստ թողեք մեզ» (տեսանյութ)
«Նոր Հայաստան» փրկության միասնական ճակատի անդամներն այսօր Դավիթաշենի բնակիչներին կոչ էին անում դեկտեմբերի 1-ին այցելել Ազատության հրապարակ, որտեղից սկիզբ կառնեն քաղաքացիական անհնազանդության գործողությունները։ «Դրանք չեն դադարի, քանի դեռ չենք ձերբազատվել մեր երկրում ապօրինի իշխանություններից եւ նրա կազմակերպած սահմանադրական փոփոխություններից»,- բարձրախոսով հայտարարում էր Գեւորգ Սաֆարյանը՝ ավելացնելով, որ սահմանադրական փոփոխություններով իշխանությունները փորձում են հավերժանալ: «Նոր Հայաստան»-ը մտադիր է մինչեւ դեկտեմբերի 1-ը իրազեկման ակցիաներ անցկացնել՝ համազգային հավաքին մասնակցելու համար: Քաղաքացիներին բաժանվում էին իրազեկման թերթիկներ: Նրանցից մեկն էլ դիմելով իշխանություններին՝ նշեց. «Կուշտ ենք, հանգիստ թողեք մեզ, թողեք ապրենք, ի՞նչ եք ուզում, լքենք Հայաստանը, հեռանա՞նք»: Այսօրվա իրազեկման երթին նույնիսկ փոքրիկներ էին միացել: Իրենց տրված իրազեկման թերթիկները նրանք մտադիր են հանձնել իրենց ծնողներին: