Հայաստանի հետ ԵՄ նոր պայմանագրում առեւտրի հատվածն ավելի թույլ կլինի. ԵՄ դեսպան (տեսանյութ)
Եվրամիությունը վերանայում է Եվրոպական հարեւանության իր քաղաքականությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ներկայացրեց երեկ Բրյուսելում հրապարակված ԵՀՔ վերանայման նոր փաստաթղթի մանրամասները: «Հարեւանության քաղաքականության վերանայումը սկսվել է 2014 թվականի ավարտին, որի գործընթացում մենք ներառել ենք համապատասխան երկրների բոլոր գործող անձանց՝ կառավարությունների, քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների: Շուրջ 250 տարբեր առաջարկներ ենք ստացել: Հայաստանի կառավարությունը նույնպես իր առաջարկները ներկայացրել է: Ինչպես գիտեք, այս տարվա հունվարին արտգործնախարար Նալբանդյանը նամակ էր ուղարկել, որտեղ ներկայացրել էր Հայաստանի հայացքները ծրագրի վերաբերյալ,- ասաց դեսպանն՝ ընդգծելով, թե ինչու է անհրաժեշտ եղել վերանայել հարեւանության քաղաքականությունը։-Փոխվել է հարեւանությունը, քանի որ փոխվել է իրավիճակը հարեւան երկրներում, փոխվել են մարտահրավերները, ԵՄ-ն է փոխվել»: Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման գլխավոր սկզբունքը կայունացումն է, բայց կան նաեւ հայեցակարգային փոփոխություններ, որոնք քաղաքական բնույթի են. «Առաջինը տարբերակումն է: Հարեւանության քաղաքականության փաստաթուղթը հաշվի է առնում, որ գործընկերները քաղաքական առումով դարձել են շատ տարբեր: Նրանց մի մասը որոշել է ավելի մոտ լինել ԵՄ-ին՝ ստորագրելով ասոցացման պայմանագրերը: Դրա համար էլ նոր փոխհարաբերությունները, որոնք ձեւավորվել են Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի միջեւ, շատ ավելի հարուստ են, ավելի բովանդակ եւ պահանջկոտ»,- նշեց Պյոտր Սվիտալսկին: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ԵՄ դեսպանը շեշտեց, որ Հայաստանն ակտիվ է լինելու միաժամանակ երկու գործընթացում: «Մի մասը բանակցություններն են ԵՄ-ի հետ նոր պայմանագրի ստորագրման վերաբերյալ, իսկ մյուսը՝ հարեւանության նոր քաղաքականության քննարկումն է: Սկզբում մենք պետք է իրականացնենք շրջանակային նոր պայմանագրի ստորագրումը, որը տեղի կունենա դեկտեմբերին՝ Բրյուսելում: Մենք բավականին ուժեղ նշաններ ենք ստացել Հայաստանի ղեկավարությունից, որ բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, արդարադատությանը, ներքին գործերին, կպահպանվեն այն տեսքով, ինչ տեսքով, որ դրանք եղել են ասոցացման պայմանագրի բանակցությունների շրջանակներում: Ակնհայտ է, որ այն մասը, որը վերաբերում է առեւտրին, շատ ավելի թույլ կլինի, քան նախորդ պայմանագրում, որը վերաբերում էր խորը եւ համապարփակ առեւտրին: Մենք պետք է հստակեցնենք նոր պայմանագրի ներդրումների մասը եւ ծառայությունների տրամադրման հարցը»,-ասաց նա: Հանդիպման ընթացքում «Ա1+»-ի լրագրողը հարց ուղղեց դեսպանին՝ խնդրելով մեկնաբանել նախորդ շաբաթ Երեւանում երիտասարդական խորհրդաժողովի ժամանակ արած հայտարարությունը, որ ինքն ամեն շաբաթ 1 միլիոն եվրո գումար է ստորագրում Հայաստանի պետական եւ ոչ պետական կազմակերպությունների համար, ինչպես նաեւ նշել, թե կոնկրետ որ ոլորտներին են ուղղված այդ գումարները: Հարցին ի պատասխան՝ Պյոտր Սվիտալսկին ասաց. «Այս տարի Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում մենք ծախսել ենք 15 միլիոն եվրո, որը բավականին լուրջ գումար է: Մեր ներդրումները բավական բազմազան են՝ սկսած կոշտ աղբի վերամշակման, ջրի մաքրման ծրագրերից, դատարանների համար նոր շինությունների կառուցումից եւ այլն: Իսկ մարդու իրավունքների վերաբերյալ ծրագրի համար մեծ ֆինանսական փաթեթ է տրամադրվել պետբյուջե, բայց փաստը, որ դուք նման հիմնարար հարց տվեցիք, նշանակում է, որ մենք լուրջ աշխատանք պետք է անենք ԵՄ ծրագրերի տեսանելիությունը բարձրացնելու համար»: