Բելգիայում վախենում են իսլամիստներից, իսկ Անգլիայում՝ ո՞չ
Այսօր նախատեսված Բելգիա – Իսպանիա ֆուտբոլային հանդիպումը չի կայանա: Այդ մասին տեղեկացրել է Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան: «Մենք կապվեցինք կառավարության հետ եւ մեզ խորհուրդ տվեցին հետաձգել հանդիպումը ահաբեկչության վտանգի պատճառով: Մենք չենք կարող վտանգի տակ դնել ֆուտբոլիստների եւ երկրպագուների կյանքը», - ասված է ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունում: Ի դեպ, այսօր հակերները կոտրել են բելգիական «Մեխելեն» ֆուտբոլային ակումբի կայքը, որի առաջին էջում տեղադրվել է Իսլամական Հանրապետության դրոշը: Իսկ ահա Լոնդոնում նախատեսված Անգլիա – Ֆրանսիա ընկերական հանդիպումը, որի անցկացումը նույնպես հարցականի տակ էր, այնուամենայնիվ, տեղի կունենա ժամանակին: Ֆրանսիացի ֆուտբոլիստները, որոնք նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով գիշերն անցկացրել էին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, միաձայն համաձայնել են մեկնել Լոնդոն եւ մասնակցել Անգլիայի հետ խաղին: Դաշտի տերերը հյուրերին երախտագիտություն հայտնելու համար, «Ուեմբլի» մարզադաշտի հանրահայտ կամարը լուսավորել են Ֆրանսիայի դրոշի գույներով, գլխավոր մուտքի առաջ գրել են «Ազատություն, հավասարություն, ընկերություն», իսկ անգլիացի ֆուտբոլասերները հայտարարել են, որ պատրաստվում են երգել Ֆրանսիայի օրհներգը՝ «Մարսելյեզը»: Հանդիպման կազմակերպիչներն մասնակիցների անվտանգությունը ապահովելու համար առաջին անգամ դիմել է զինված ոստիկանների օգնությանը: