Ոչ-ի վիճակը շատ ծանր է. ԲՀԿ-ական (տեսանյութ)
«Դեռ հարց է, թե ժողովուրդն ինչ կասի սահմանադրության հանրաքվեին»,-բոլոր թերահավատների համար հայտարարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը։ Իրենց կուսակցությունն ակտիվորեն մասնակցում է այո-ի քարոզարշավին և կոչ անում կողմ քվեարկել նոր սահմանադրությանը։ «Նորմալ վիճակ է դաշտում։ Մարդկանց թվում էր, թե հասարակությունն ըմբոստանալու է, բայց լուրջ խոչընդոտներ չենք տեսնում»։ Ի՞նչ կարծիք ունի գործիչը ոչ-ի կողմնակիցների քարոզարշավի մասին. «Ոչ քարոզողները սահմանադրական փոփոխությունները շփոթել են նախագահական ընտրությունների քարոզարշավի հետ։ Ոչ-ի վիճակը շատ ծանր է։ Նրանց կողմից կեղծ թեզեր են առաջ քաշվում»։ Իսկ ԲՀԿ-ն կողմ է նոր սահմանադրությանը, քանի որ դրանով քաղաքական մենաշնորհը կվերանա. «Բացի այդ, դատական համակարգը կլինի անկախ, հակամենաշնորհային օրենքներ են ընդունվելու»։ Դիտարկմանը, որ իրեն ընդդիմադիր հռչակած կուսակցությունը կողմ է իշխող կուսակցության առաջ քաշած նախագծին, ԲՀԿ խոսնակն արձագանքեց. «Իշխանությունը և ընդդիմությունը հավերժական գաղափարներ չեն»։ Իսկ հարցին, թե նոր սահմանադրության ընդունման դեպքում ԲՀԿ-ն պայքարելո՞ւ է իշխանության համար, թե՞ դա արդեն ակտուալ չի լինի, պարոն Բաբայանը նշեց. «Բոլորն էլ ձգտում են իշխանության։ Ցույց տվեք մի ուժի, որը դրա համար չի պայքարում»։