«Ինչի՞ եք եկել, մեզ չարչարում». «Այո եւ Ոչ»-ը՝ Պեմզաշենում (տեսանյութ)
«Այո եւ Ոչ» ռեալիթի-շոուի անդամները Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում այսօր հանդիպել են բնակիչների հետ եւ խոսել սահմանադրական փոփոխությունների մասին: Նրանց փաստարկներին ի պատասխան՝ պեմզաշենցիներից մեկն ասաց. «Եթե կեղծում եք ընտրությունները, ինչի՞ եք եկել, մեզ չարչարում: Մի բան պիտի անեք, որ խաբեբայություն չանեն»: Քիչ այն կողմում էլ մի երիտասարդ քարոզարշավի մասնակիցներին եւ հավաքվածներին բացատրեց, թե ինչ կլինի, եթե ընդունվի նոր Սահմանադրությունը: «Բացատրեմ, թե ոնց է ոչ լեգիտիմ իշխանությունը երկարացվելու, եթե Սահմանադրությունն ընդունվեց: Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետն ավարտվում է, նա չի կարող երրորդ անգամ ընտրվել, բայց չի ցանկանում իշխանությունը տալ, որովհետեւ իրենից հետո եկողը կարող է պատասխանատվության ենթարկել նրանց՝ նախկինում գործած մեղքերի, ընտրակեղծիքների եւ հանցագործությունների համար: Նոր Սահմանադրությամբ կառավարման պառլամենտական համակարգ է լինելու, դա վատ տարբերակ չի, բայց ոչ մեր պայմաններում: Մենք բազմիցս տեսել ենք կեղծ ընդդիմադիր կուսակցություններ: Չի բացառվում, որ խորհրդարանում հորինված, կեղծ ընդդիմություն լինի, որը հավանություն կտա իշխանության ընդունած որոշումներին»