Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել սահմանը հատած կինը
Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Հայաստան է հայրենադարձվել հայաստանցի քաղաքացիական անձը՝ կինը, որը նոյեմբերի 8-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում։ ԿԽՄԿ-ն հայտնում է, որ հայրենադարձման գործողությունը տեղի է ունեցել ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա. «Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է այս հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Մինչ հայրենադարձումը անձը հավաստիացրել էր ԿԽՄԿ-ի աշխատակիցներին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով»: Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։