«Ալեն-Էլեն»-ը պայթեցնողը հացադուլ է հայտարարել
«Ալեն- Էլեն» դիսկո-ակումբը պայթեցրած Վարդան Դեմիրճյանը արդեն 15 օր է հացադուլի մեջ է: Նա իր դժգոհությունն է հայտնում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելու համար: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա եղբայրը՝ Արտյոմ Հակոբյանը, որը եւս կալանավորված է եւ իր պատիժը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Եղբոր խոսքերով՝ 32- ամյա Վարդան Դեմիրճյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, սակայն նրան պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Վարդան Դեմիրճյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ 2012 թ մարտի 20-ին՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույք վնասելու, ինչպես նաեւ ապօրինի զենք ձեռք բերելու ու կրելու համար: Վարդան Դեմիրճյանի վրա նաեւ համաներումը չի տարածվել, քանի որ չի փոխհատուցել հանցագործությամբ պատճառված վնասը՝ 11 մլն 283 հազար 74 դրամը: Արդարադատության նախարարության ՔԿՀ հանրային կապերի բաժնից խոստացան տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ: