Շոտլանդիայում քարոզարշավը 1 տարի է տևել, Հայաստանում՝ 2 ամիս է. եվրոպացին զարմացած է (տեսանյութ)
Առավոտից հայ և եվրոպացի փորձագետները «Հանրաքվեների լուսաբանումը Հայաստանում» թեման են քննարկում։ Հիմնական շեշտն, իհարկե, դեկտեմբերի 6-ին մեր երկրում նախանշված սահմանադրության հանրաքվեն է։ Եվրոպայի խորհրդի փորձագետ Լորան Ռույին զարմացրել է փաստը, որ Հայաստանում սահմանադրության քարոզարշավն ընդհանուր առմամբ, 2 ամիս է տևելու։ «Շոտլանդիայում հանրաքվեից առաջ մեկ տարի քարոզարշավ է իրականացվել, ձեզ մոտ՝ 2 ամիս է։ Դա, իհարկե, բավականին կարճ ժամանակահատված է, եթե նայենք եվրոպական չափանիշների տեսանկյունից, բայց երևի թե Հայաստանի համար դա բավականին ժամանակ է»,-ասաց նա։ Պարոն Ռույը տեղյակ չէ, թե այս շրջանում հայկական լրատվամիջոցներն ինչ կերպ են լուսաբանում քարոզարշավը։ Սակայն նա մի քանի խորհուրդ ունի. «Պետք է բացառվի այն տարբերությունը, երբ հեռուստաընկերությունը միայն դրական տեղեկատվություն է ներկայացնում որևէ ուժի մասին, իսկ մյուսի մասին՝ միայն բացասական։ Լուսաբանումը պետք է հավասարակշիռ լինի։ Բացի այդ, թոք-շոուներ, բանավեճեր են անհրաժեշտ»։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Հերիքնազ Տիգրանյանն «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձավ բուն հանրաքվեին առնչվող խնդիրներին։ Նա դրական է համարում այն, որ նույնականացման քարտերը հնարավորություն կտան մոտ 183.000 քաղաքացիների մասնակցելու քվեարկությանը։ «Այլ հարց է, որ այդ ձևով քվեարկության համար վերահսկողական որևէ մեխանիզմ չներդրվեց։ Այս խնդիրը կար 2014 թվից։ Տարբերակներից մեկը մատների թանաքոտումն է, որն անընդհատ ծաղրի առարկա է դառնում, թե խանդի հիմք կդառնա, մեկը մյուսին կթանաքոտի։ Ամեն պատճառաբանություն բերվում է, որ այդ մեխանիզմը բացառվի»։