Այս տարի ավելի շատ ապօրինի ծառ է հատվել (տեսանյութ)
2015 թվականի անցած տասը ամիսներին Հայաստանի տարածքում արդեն 1273 ծառ է ապօրինի հատվել. հայտնում է «Հայանտառ» ՊՈԱԿ–ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը ու ցավով հավելում, որ նախորդ մի քանի տարիների համեմատ, աճ է գրանցվել. «Այդ թիվը 2014 թվականին կազմել է 1063, իսկ 2013 թվականին՝ 928»: Պարոն Մաթեւոսյանը, սակայն, հավելում է, որ այս թվերը համեմատելի չեն իննսունական թվականների մասսայական ապօրինի ծառահատումների հետ: 50 սմ տրամագծով ապօրինի հատված ծառի դիմաց փոխհատուցումը կազմում է մոտավորապես հարյուր հազար դրամ, ասում է «Հայանտառ» ՊՈԱԿ–ի տնօրենը։ Բազմաթիվ քաղաքացիներ արդեն պատասխանատվության են ենթարկվել: Մարտուն Մաթեւոսյանը նշեց, որ մի անտառապահը 500-600 հա տարածք է հսկում, սակայն հարց չի լուծվի նրանց թվի ավելացմամբ. «Ապօրինի հատումները ծնող պատճառները պետք է վերացնել, ոչ թե յուրաքանչյուր 10 հա-ին մեկ անտառապահ դնել: Սահմանամերձ և անտառամերձ համայնքներում հիմնական վառելիքը փայտն է, և մենք հիմա վարչապետից հանձնարարական ունենք, մենք պետք է մարդկանց սովորեցնենք` ինչպես անտառին մինիմալ վնաս տալով վառելափայտ ստանալ»։ Ինչ վերաբերում է անտառվերականգնման աշխատանքներին, ապա Մարտուն Մաթևոսյանն ասաց, որ 2015 թվականին 175 հա անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվել, թեև անհրաժեշտ է ավելի շատ ծառ տնկել. «Հայաստանի համար, որքան էլ տնկենք, քիչ է»,-ասաց նա: