ԵՄԱ-ն քարոզարշավին բացասական դրսևորումներ է արձանագրել (տեսանյութ)
Երևանի մամուլի ակումբը սահմանադրության քարոզարշավի շրջանակում հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 5-ը վեց հեռուստաալիքի մշտադիտարկում է իրականացրել։ Դրանք են Հանրային, Արմենիա, Հ2, Շանթ, Երկիր մեդիա և Կենտրոն հեռուստաընկերությունները։ Մշտադիտարկման առաջին փուլի արդյունքները մտահոգության տեղիք են տվել. «Հանրային հեռուստատեսությամբ վճարովի և անվճար եթերաժամանակ երաշխավորված է միայն խորհրդարանական խմբակցությունների համար։ Դա այն դեպքում, երբ կան արտախորհրդարանական ուժեր, բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք ունեն հստակ մոտեցում։ Կա, ի վերջո, քաղաքացիական հասարակություն, փորձագիտական հանրություն, որոնք՝ ըստ մեր առաջին տվյալների, հնարավորություն ստանում են եթերում ներկայացնելու իրենց տեսակետը, բայց այդ իրավունքը երաշխավորված չէ օրենքով։ Մի քանի հեռուստաալիքի դեպքում արձանագրել ենք, որ ոչ խորհրդարանական շահագրգիռ կողմերին համարյա կամ ընդհանրապես ժամանակ չի տրամադրվում»,-նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Սա միակ բացասական դրսևորումը չէ. «Քաղաքական դաշտում հիմնական հետաքրքրությունը կառավարման ձևի փոփոխության վրա է կենտրոնացած, և այլ դրույթներ ինչ-որ տեղ մնում են ստվերում։ Եվ քաղաքացիներն այդքան էլ շատ հնարավորություն չեն ստանում հասկանալու, թե բացի կիսանախագահական համակարգից խորհրդարանականի անցման, այլ ի՞նչ փոփոխություններ են առաջադրվում։ Տեսել ենք առաջին օրերին տեսահոլովակներ, որտեղ խոսվում է իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մասին ավելի շատ, քան սահմանադրության բովանդակության»։ Սրանից կարելի է եզրակացնել, որ քաղաքական ուժերը շահագրգռված են ներկայացնել սահմանադրական հանրաքվեն՝ որպես իշխանության վստահության քվեի համար քվեարկություն։ «Իշխանությունը ներկայացնում է, որ հասարակության մեջ համարյա կա կոնսենսուս և դա ինչ-որ տեղ հիմնված է իշխանության նկատմամբ վստահության վրա։ Իսկ ընդդիմադիր ուժերը փորձում են ներկայացնել, որ քաղաքացին քվեարկում է ոչ թե սահմանադրական փոփոխությունների համար, այլ աջակցելո՞ւ է իշխանության վերարտադրությանը, թե ոչ»։