Կաշառքն ու բարեգործությունը շատ մոտ են, դժվար է տարբերել. ՀՀԿ-ական (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը չի ժխտում, որ այսօր քաղաքական դաշտում բաց տեղեր շատ կան, սակայն նա վստահ է, որ սահմանադրության փոփոխությունը կլուծի դրանցից շատերը։ «Սա կնպաստի քաղաքական դաշտի կայացմանը»,-ասաց նա։ Իշխող կուսակցության ներկայացուցչին դուր չի գալիս, որ ամեն հարցում մեղադրում են ՀՀԿ-ին։ «Մենք մտանք ԵՏՄ, ես չեմ ասում, որ մտնելով եսիմ ինչ խնդիրներ էինք լուծելու։ Բայց ի՞նչ կլիներ, եթե չմտնեինք։ Դա էր եղած քաղաքական որոշումը։ Կարծում, եմ, որ եթե հանրաքվեի դնեին, մեր հասարակությունը դա էր քվեարկելու։ Բայց այսօր թիրախ է դարձել Հանրապետական կուսակցությունը, իշխանությունները, բոլոր խնդիրները բերում, կապում են դրա հետ»։ Պատգամավորը վստահ է, որ նոր սահմանադրությամբ տարբեր պաշտոնատար անձանց պատասխանատվության զգացումը կբարձրանա։ «Նախարարն իր բնագավառի համար է պատասխան տալու ԱԺ-ին, վարչապետն իր ամբողջ գործունեության համար է պատասխան տալու։ Եվ բոլորը, նույնիսկ հիմնարկի պետերը մատը չեն բարձրացնի նկարին ու ասեն, որ հանրապետության նախագահն է մեղավոր, որ այսօր դատարանն այս որոշումը չընդունեց, նախագահն է մեղավոր, որ կադրային այս խնդիրը չլուծվեց»,-նշեց պարոն Ալեքսանյանը։ «Չկան սատանաներ ու հրեշտակներ, մենք նույն մարդիկ ենք, բոլորս էլ մտածում ենք մեր ապագայի մասին։ Եվ բոլորն էլ քիչ թե շատ, բացի անձնական, խմբակային շահերից, նաև պետության մասին մտածել գիտեն»,-նշեց ՀՀԿ-ականը։ Նա շեշտեց նաև, որ հանրաքվեին ձայներ բերելու հանձնարարություն չկա։ «Եթե մեկը մի գյուղում ինչ-որ արջի ծառայություն է մատուցում, դեռ չի նշանակում, որ դա իշխանության հանձնարարականն է»։ Բացի այդ, նա այլ օրինակ բերեց. «Եթե մեկը գյուղում ասֆալտ է անում և ասում են, որ բարեգործություն է անում, ինչո՞վ է տարբերվում, որ մեկ ուրիշը մեկին օղի է տալիս՝ ինչ-որ մեկի մահվան դեպքում։ Հիմա կաշառքն ու բարեգործությունը շատ մոտ են, դժվար է տարբերել»։