Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱԽՄԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆԸ ՍԻՍԻԱՆԻՑ Է

Մարզեր

Շախմատի մարզային 8-րդ առաջնությանն այս տարի մասնակցում էին Սյունիքի մարզի 50 լավագույն շախմատիստներ: Առաջնությանը մասնակցելու նպատակով Սիսիան քաղաքի շախմատի դպրոցից մարզկենտրոն էր մեկնել 9 շախմատիստ:

Սիսիանի շախմատի դպրոցի սաներից Հայկ Մինասյանը կարողացել է առավելության հասնել հաղթողի հիմնական հավակնորդ գորիսեցի Վ. Շեկունցի նկատմամբ եւ գրավել առաջին պատվավոր հորիզոնականը, իսկ Վարդան Մովսիսյանը գրավել է 4-րդ տեղը:

Հայկը մարզային 8-րդ առաջնությանը առաջին տեղ գրավելը համարում է շախմատի ասպարեզում իր թվով 3-րդ ակնառու հաջողությունը: Առաջինը 2001 թ-ին մայրաքաղաքում անցկացված շախմատի բաց առաջնությունն էր, ուր նա լինելով տարիքով բավականին փոքր կարողացել էր կիսել 1-ից 3-րդ տեղերը: 2-րդ հաջողությունն արձանագրվեց Տիգրան Պետրոսյանի անվան հուշամրցաշարի ժամանակ, որտեղ նա գրավել էր 2-րդ տեղը: Մարզային 8-րդ առաջնությունը Հայկին առավել մեծ հաջողություն բերեց, եթե հաշվի առնենք այն, որ նա արդեն 3 տարի է ինչ շախմատ չի պարապում, պատճառը` ԲՈՒՀ-ի ընդունելության քննություններն են: «Մի փոքր վստահություն սեփական ուժերի նկատմամբ եւ ամեն ինչ հաջողվում է»,- վստահ է Հայկը:

Մրցաշարին մասնակցած երեխաները քաղաքապետարանի կողմից պատվոգրեր եւ դրամական պարգեւներ ստացան: Մրցաշարին մասնակցած 8 շախմատիստները եւ մարզիչ Ռուբեն Մարտիրոսյանը պարգեւատրվեցին 5000-ական դրամով, շախմատի դպրոցի տնօրեն Թովմաս Սահակյանին հանձնվեց 15.000, իսկ Հայկ Մինասյանին 50.000 դրամ:

Սիսիանի «Սյունի» հ/ը