Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

39,1 տոկոսը ՀՀ տնտեսության վիճակը գնահատում է շատ վատ (տեսանյութ)

Տնտեսություն
Gallup-nkar

«Գելլափ ինթերնեյշնլ» ընկերությունը սահմանադրության հանրաքվեին ընդառաջ ամփոփեց սեպտեմբեր ամսվա ընթացքում մոտ 1000 քաղաքացիների շրջանում իրականացված հարցման արդյունքները: Ըստ այդմ, պարզվել է, որ բնակչության մի ստվար հատված տեղյակ չէ, թե ներկայումս կառավարման ինչ մոդել է գործում երկրում: «Քաղաքացիների 69,8 տոկոսն ասել է, որ տեղյակ է այժմյան կառավարման ձևից: Բայց հարցին, թե ո՞րն է այդ, 55,3 տոկոսը, պատասխանել է, որ նախագահական կառավարում է, և միայն 36,2 տոկոսն է նշել, որ կիսանախագահական է»,-հայտնեց ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը: Բնակչության 61,6 տոկոսն, ըստ հարցման, տեղյակ է սահմանադրական փոփոխություններից, մոտ 31 տոկոսը՝ ոչ: «Մարդկանց 34,1 տոկոսը նշել է, որ այդ փոփոխությունն ուղղված է իշխանության վերարտադրությանը»,-ասաց պարոն Նավասարդյանը: Հարցվածների մի մասի համար էլ դա դրական տեղաշարժի առիթ է, որոշներն էլ՝ չեն կարողացել հստակ պատասխան տալ: Այս պահին ամենահետաքրքրող հարցին, թե քաղաքացիներն ինչպե՞ս կքվեարկեն հանրաքվեին, հարցումը հետևյալ պատկերն է ցույց տվել: «Հարցվածների 42 տոկոսն ասել է, որ կմասնակցի հանրաքվեին, իսկ ինչպե՞ս կքվեարկի, 29,1 տոկոսն ասել է, որ կողմ քվեարկի, 26,1-ը՝ դեմ: Իսկ մնացած մարդիկ դեռ կողմնորոշված չեն՝ մասնակցել, թե ոչ»,-ասաց «Գելլափ»-ի տնօրենը: Ընկերությունը նաև այլ թեմաների է անդրադարձել: Հարցին, թե ինչպե՞ս են քաղաքացիները գնահատում մեր երկրի տնտեսական վիճակը, հետևյալն է պարզվել. «Շատ լավ ոչ ոք չի գնահատել, լավ՝ 1,8 տոկոսը, 24,3-ը՝ միջին, 33,8-ը՝ վատ, իսկ շատ վատ՝ 39,1 տոկոսը: Իսկ թե որքանո՞վ են հավանություն տալիս երկրի ղեկավարի և որոշ կառույցների, պարզվել է, որ նախագահի աշխատանքին հավանություն է տալիս 25, 6 տոկոսը, կառավարությանը՝ 20, 9 տոկոսը, ԱԺ-ին ՝ 18,6 տոկոսը»,-ասաց պարոն Նավասարդյանը: