Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունն է միացել ՀՅԴ-ին, ոչ թե ՀՅԴ-ն իշխանությանը. Աղվան Վարդանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
01b260dc89636e6c227fb133b1b52caa

ՀՅԴ-ն ձևավորել է սահմանադրական հանրաքվեի նախընտրական շտաբ, որի աշխատանքները համակարգելու է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: «Ընդհանուր հանրապետությունում մոտ 100 շտաբեր կբացվեն: Իսկ առաջիկա շաբաթ, կիրակի նախատեսում ենք սկսել մարզային հանդիպումները»,-այսօր հայտնեց պարոն Վարդանյանը: Դաշնակցությունը, թեև կողմ է իշխող Հանրապետական կուսակցության կողմից առաջ քաշված սահմանադրության նախագծին, հանրաքվեին ընդառաջ քարոզարշավն առանձին է իրականացնելու: «ՀՅԴ-ն միշտ եղել է ինքնուրույն ուժ: Մենք երբեք չենք լինի այս կամ այն ուժին սպասարկող կուսակցություն: Ունենք մեր հիմնավորումներն՝ այս սահմանադրության հետ կապված և այդ իսկ պատճառով մեր քարոզարշավն առանձին կիրականացնենք, կներկայացնենք այդ ամենը ժողովրդին»: Պարոն Վարդանյանը նաև չի ընդունում այն մեղադրանքները, թե սահմանադրության հարցով իրենք են միացել իշխանությանը: «Դեռ 90-ական թթ. մենք կողմ ենք եղել կառավարման խորհրդարանական համակարգին: Նման բան գոյություն չունի, որ մենք ենք գնացել, միացել իշխանությանը»: Հարցին, թե իշխանությո՞ւնն է փաստորեն իրենց միացել, գործիչն արձագանքեց. «Այո»: Իսկ թե որքանո՞վ էր կոռեկտ Ազգային ժողովում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին ասել, թե «պետք է ՀՅԴ-ի ոտքերը լվանաք, ջուրը խմեք» արտահայտությունը, պատգամավորը պատասխանեց. «Դա ժողովրդական խոսք է, այլաբանություն: Պետք չէ ուղիղ իմաստով հասկանալ: Դա նշանակում է երախտապարտ լինել, շնորհակալ լինել: Մինչև 20-րդ դարի 70-ականներն էլ հարսները լվանում էին մեծերի ոտքերը, դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Բայց դա չէր նշանակում, որ ջուրը խմում էին: Մեր կաթողիկոսներն էլ մինչև այսօր դա անում են: Ես բառացի ասել եմ, որ ովքեր այսպես են մտածում, ամեն օր երազում պետք է սա անեն: Բայց այդ հատվածը ոչ ոք չի նշել, որ ասել եմ՝ երազում»: