Հայ խաղաղապահները՝ լուսանկարներում (տեսանյութ)
ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություններում խաղաղապահ գործունեություն իրականացնող հայ զինվորականների լուսանկարների ցուցահանդեսը բացվեց Երևանի պետական համալսարանում: Այսպիսով՝ տրվեց «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների մեկնարկը Երևանում:
Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պատրիկասը բարձր է գնահատում հայ զինվորականների պատրաստվածության մակարդակը. «Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ զինվորականները մշտապես աչքի են ընկնում բարձր պատրաստվածությամբ և առաջադրված խնդիրները լավագույնս կատարելու վարպետությամբ»:
Ըստ դիվանագետի՝ իրենց համար կարևոր է Հայաստանի հետ համագործակցության բարձր մակարդակ ունենալը բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ խաղաղարար առաքելությունների ասպարեզում:
«Յուրաքանչյուր տարի անցկացնելով ՆԱՏՕ-ի շաբաթ միջոցառումը՝ մենք փորձում ենք Հայաստանի հանրությանը ներկայացնել ինչպես Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերությունները, այնպես էլ դաշինքի գործունեությունը: Լուսանկարներում ներկայացված են հայ զինվորականների գործողությունները Կոսովոյում և Աֆղանստանում: Ցուցահանդեսի միջոցով մենք ի ցույց ենք դնում մեր համագործակցության կարևոր բաղադրիչները»,- նշում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: