Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները շշմեցուցիչ են». թուրքագետ

Քաղաքականություն
chakryan

«Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները շշմեցուցիչ են». այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Թուրքիայի իշխող՝ «Արդարություն եւ զարգացում կուսակցությունը» նոյեմբերի 1-ին կայացած ընտրություններում հավաքել է ձայների մեծամասնությունը՝ շուրջ 49 տոկոս: Թուրքագետի խոսքով՝ միջազգային մամուլն անգամ նման արդյունք չէր սպասում, եւ արդեն իսկ մի շարք պարբերականներ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները սենսացիա են անվանել: Չաքրյանի կարծիքով՝ նոր ընտրություններից հետո էական ոչինչ չի փոխվելու Թուրքիայում: «Այն խնդիրները, որոնք մինչ այդ էլ կային, շարունակվելու են, օրինակ՝ քրդական հարցը, ինչպես նաեւ Արեւմուտքի հետ խնդիրները»,-ասաց նա: Թուրքագետը կարծում է, որ Էրդողանի՝ նախագահ դառնալու հավանականությունը մեծ է, եթե անցկացվի հանրաքվե: «Էրդողանի ընտրազանգվածը ցածր մակարդակի մարդիկ են, որոնց խոսքի ազատության, մարդու իրավունքների հարցը չի հետաքրքրում: Նրանց միայն հետաքրքրում է, որ մահմեդականությունը դասավանդվի դպրոցներում, որ իրենց աղջիկները գլխաշորով գնան դպրոց եւ այլն: Իսկ Էրդողանն ապահովում է այդ ամենը»: Հակոբ Չաքրյանը նշեց, թե նոյեմբերի 1-ին կայացած ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերություններում եւս առաջընթաց չի արձանագրվի: «Թուրքիան այնքան խնդիրներ ունի, որ հայ-թուրքական հարաբերություններով այժմ հետաքրքրված չէ: Բացի այդ, Թուրքիայում Հայաստանի հետ խնդիրը ազգային հարց է համարվում, որը պետական մակարդակով է լուծվում, եւ կառավարության փոփոխության հետ կապ չունի»,-նշեց նա: Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առաջադրված երեք հայ պատգամավորներն էլ անցել են խորհրդարան: Թուրքագետի խոսքով՝ քուրդ պատգամավորներ եւս կան խորհրդարանի նոր կազմում: