Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շտաբի պետը բա հո Ժիրայր Սեֆիլյա՞նը չէր լինելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
e489a8c4e6a3e8c196023c64ca5ac0c5

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը համոզված է, որ սահմանադրական փոփոխություններն այսօր միանշանակ անհրաժեշտություն են: «Ամեն անգամ օրենսդրական բարեփոխում անելուց առաջ , երբ փորձել ենք հասարակության ինչ-որ խնդիր կարգավորել , տեսել ենք, որ ունենք հակասություն Սահմանադրության հետ ՝ նույն սեփականության իրավունքի հետ կապված և այլն, հետևաբար այդ խնդիրների համախմբությունը հանգեցնում է այն հանգամանքին, որ անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ»,- շեշտում է Արտակ Զաքարյանը: Ինչո՞ւ հատկապես հիմա, ներքին և արտաքին մարտահրավերները հաշվի առնելով՝ որքանո՞վ է նպատակահարմար այդ փոփոխությունները կատարել այժմ: «Ա1+»-ի լրագրողի այս դիտարկմանը ի պատասխան նա նշեց. «Բա ե՞րբ: Միշտ էլ կարելի է հարմար պահ գտնել և այսօր էլ հենց այն պահն է, որի ժամանակ մենք որևէ խոչընդոտ չունենք սահմանադրական բարեփոխումներն իրականացնելու համար: Վստահ եղեք, որ եթե այդ փոփոխությունները խոչընդոտեին Հայաստանի անվտանգությանը, ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին կամ Հայաստանի քաղաքական ու տնտեսական որևէ շահի, ապա դրանք չէին իրականացվի»: Արտակ Զաքարյանի խոսքերով՝ ՀՀԿ-ն պատրաստ է այդ փոփոխություններին, դրան պատրաստ են նաև այն քաղաքական ուժերը, որոնք եկել են կոնսոլիդացիայի: Իսկ այն ուժերը, որոնք պատրաստ չեն խորհրդարանական կառավարման մոդելին, նրանք չգիտես ինչու հայտնվում են «Ոչ»-ի դաշտում, քանի որ վստահ չեն, որ իրենք այն քաղաքական ուժն են, որ կարող են խորհրդարանական կառավարման պարագայում հասարակությանը ինչ-որ բան առաջարկել: Այս համատեքստում իշխող կուսակցության ներկայացուցչից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է վերաբերում «Ոչ»-ի ճակատին, տարբեր նախաձեռնություններին և հասարակության այն ստվար զանգվածին, որը դեմ է արտահայտվում իրենց առաջարկած Սահմանադրությանը: Կհաջողվի՞ նրանց արդյոք տապալել այդ փոփոխությունների գործընթացը: «Նրանց ոչինչ չի հաջողվի: Նրանք ունեն մեկ շատ պարզ հաշվարկ՝ հասարակությունն ունի դժգոհություններ և այդ դժգոհությունների վրա պետք է կառուցել հակաիշխանական տրամադրություններ և գնալ այն բանաձևով, որ եթե իշխանությունն առաջարկում է, ապա դա վատ է: Ուստի «Ոչ»-ի գործողությունները գտնվում են մարգինալ դաշտում, ոչ ռացիոնալ քայլերի վրա կառուցված և անհեռանկարային»,-շեշտեց ՀՀԿ պատգամավորը, հավելելով նաև, որ անհնազանդության կոչերի միջոցով նրանք փորձելու են մարդկանց փողոցներում հավաքել և բոյկոտել հանրաքվեն: Այդ դեպքում, բնականաբար, նրանք խնդիր կունենան օրենքի հետ: «Ա1+»-ի հաջորդ հարցին, թե իշխանությունը չի կիրառելու արդյոք վարչական ռեսուրսներ հանրաքվեի իրենց ցանկալի արդյունքին հասնելու համար, այն դեպքում, երբ հաշվի ենք առնում, որ շտաբի պետ նշանակվեց վարչապետը և մնացյալ պաշտոններում էլ նշանակվեցին իշխանության ներկայացուցիչներ, պարոն Զաքարյանն արձագանքեց այսպես. «Բա հո շտաբի պետը Ժիրայր Սեֆիլյանը չէր լինելու: Եթե շտաբի պետը լիներ ուրիշ մեկը, այդ վարչական ռեսուրսները չէի՞ն կիրառվելու: Ինքնախաբեությունով հո չենք զբաղվում»: Մանրամասները՝ տեսանյութում