Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունը փող չի բաժանելու, իսկ ի՞նչ է անելու (տեսանյութ)

Քաղաքականություն
38f01ed9c9d05e4a08df072d6cdf6903

Հանրապետականին իրականում ձեռք չի տալիս ընտրողների ակտիվությունը, Սահմանադրության «Այո»-ին բավարար է 700 հազար քվեն։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօրվա ճեպազրույցներին նշեց. «Եթե ուզում եք իմանաք, թե Հանրապետականը շատ շահագրգռված է, որ «Այո»-ն լինի, ուրեմն բնականաբար այդ շեմը շատ բարձր չպետք է լինի»: Սակայն վարչական ռեսուրսի կիրառման դեմ իրենք ոչինչ անել չեն կարող, պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը Հանրապետական է. «Այսօր եթե Հանրապետականը իշխանություն է, բնականաբար նա ունի համայնքապետերի մեծամասնությունը»: Դաշնակցական Արմեն Ռուստամյանը համաձայն է՝ «Այո»-ի կողմնակիցներին ձեռք չի տալիս ընտրացուցակների ուռճացումը, իրենց պետք չէ նոր Սահմանադրության կողմնակիցների շեմի բարձրացում. «Այս քվեարկությունը բոլորովին այլ քվեարկություն է, սա էն մեխանիզմները չի իրականացվելու, ինչ որ ընտրությունների ժամանակ եղել է, որտեղ ամեն մի ավել ձայնը, այո, կարեւոր է իշխող կուսակցության համար, որ իր տեղերը պահպանի»: Այս նույն պատճառով պարոն Ռուստամյանն ուրախ կլինի, եթե «Ոչ»-ի կողմնակիցներն այնպես իրականացնեն քարոզարշավը, որ իրենց քվեներն էլ շատ լինեն, դա կդժվարացնի «Այո»-ի գործը. «Այ էդպիսի տրամաբանությամբ որ առաջնորդվեն, որեւէ հարց չի առաջանա կեղծիքների հետ կապված»: «Չեք համոզի»,-ասում է կոնգրեսական Արամ Մանուկյանը: Հանրապետականը ցուցակներն ուռճացնում է, որպեսզի սեւ գործ անողները մտնեն ընտրացուցակ, քանի որ կա մտավախություն, որ «Ոչ» ասողները շատ կլինեն. «Լոսում ապրողների հաշվին են կարողանում քվեարկել, լրացուցիչ ID-ների հաշվին են կարողանում ցուցակներն ավելացնել։ Ասենք թե տեսականորեն Հայաստանում կա 100 ընտրող: 100-ից 50-ը «Այո» է, 50-ը «Ոչ» է: Իրենք խնդիր չունեն 100-ը դարձնել 120 եւ էդ 20-ը իրենց թիրախը լինի»: Այս անգամ, սակայն, իշխանությունները խնդիր կունենան, կեղծիքների նրանց բազան մի քիչ աղքատացել է, պարոն Մանուկյանը դա հասկացել է գյուղացիների, պետական ծառայողների եւ այլ մարդկանց հետ շփումներից. «Ինչքան ես հասկանում եմ, շատ փող չեն բաժանելու, շատերը հասկացել են, որ եթե անգամ փող էլ վերցնեն, ապա չեն քվեարկելու»։ Պարոն Մանուկյանը պնդում է՝ Հայաստանի բնակչության իրական թիվն այսօր այնքան է, որքան ընտրացուցակներում առկա ընտրողների թիվն է, եւ նույնիսկ նրանց մեջ շատ չեն «Այո»-ի կողմնակիցները. «Ով ուզում ա՝ իմ հետ, երբ ուզեք, գնում ենք գյուղերում պտտվում ենք: Եթե դուք տեսնեք, որեւէ տեղ, որ կա աջակցություն «Այո»-ին, ես ձեռքերս բարձրացնում եմ»: