Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլային «հրեշը» 55 տարեկան է

Սպորտ
sport-maradona

Ինչպես հայտնի է, ամեն ժամանակաշրջան ունի իր կուռքը: 20-րդ դարի վերջին 20 տարիներին ֆուտբոլասերների համար այդպիսի կարգավիճակ ուներ արգենտինացի հարձակվող Դիեգո Մարադոնան, որն այսօր նշում է իր ծննդյան 55-ամյակը: Նա համաշխարհային ֆուտբոլի ամենահակասական աստղն է համարվում: Անգլիայում առայսօր պարզապես ատում են նրան: Պատճառը բոլորին է հայտնի. 1986 թվականի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ Արգենտինա – Անգլիա խաղում Դիեգո Մարադոնան ձեռքով խփած գոլի հաշվին հաղթանակ պարգեւեց իր թիմին, իսկ անգլիացիներին ստիպեց ձեռնունայն վերադառնալ հայրենիք: Տարիներ անց արգենտինացին այդ առիթով ասել էր, որ դա «աստծո ձեռքն էր»: Բանն այն էր, որ Մարադոնան այդ ժամանակ, իրոք, «աստված» էր իտալական «Նապոլի» թիմի երկրպագուների համար: Օրինակ, 1991 թվականին Նեապոլ այցելած նավաստիները երբ այցելում են նավահանգստին մոտ գտնվող եկեղեցի, նրանք մեծ թվով մարդկանց են հանդիպել, իսկ եկեղեցու պատերին կախված են եղել «Նապոլիի» 10 համարի մարզաշապիկ: Երբ նրանք հարցրել են, թե ինչ է կատարվում այդտեղ, նեապոլցիներն ասել են, որ աղոթում են Դիեգո Մարադոնայի համար, որպեսզի նա շուտափույթ ապաքինվի վնասվածքից: Արգենտինացին առաջին ֆուտբոլիստն է, որը աշխարհի առաջնության ընթացքում որակազրկվել է խթանիչներ օգտագործելու համար: Նա երկար տարիներ թմրանյութ էր օգտագործել, նույնիսկ հասել էր մահվան եզրին, սակայն հետագայում բուժման կուրս է անցել եւ հաղթահարել այդ ճգնաժամը: Դիեգո Մարադոնան 1990 թվականից սկսած, երբ Արգենտինայի հավաքականը աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվեց ԳՖՀ-ի հավաքականին, մշտապես քննադատել է ՖԻՖԱ-ի ղեկավարներին՝ նրանց անվանելով կաշառակերներ եւ հանցագործներ: Զարմանալի չէ, որ նրան անվանում են ֆուտբոլային «հրեշ»՝ ինչպես իր խաղի, այնպես էլ իր վատ արարքների ու խոսքերի համար: Այսօր 55-ամյա նախկին ֆուտբոլիստը ոչ մի տեղ չի աշխատում, սակայն նա մշտապես գտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Շատ երկրներում (բնականաբար, բացի Մեծ Բրիտանիայից) ցանկանում են նրան հրավիրել բարեգործական խաղերի, քանի որ դա ինքնաբերաբար տասնյակ հազարավոր երկրպագուներ է ապահովում: