Լիցենզիա են պահանջում, բայց բնակիչ չկա, որ սպասարկենք. տաքսու վարորդ (տեսանյութ)
Դիլիջան քաղաքի բնակիչ, անհատ տաքսու վարորդ Համլետ Բադալյանն այսօր հրավիրվել էր Տրանսպորտի եւ կապի նախարարություն: Նա տաքսի է վարում առանց լիցենզավորման, ինչի պատճառով տեսուչների կողմից խախտում է արձանագրվել: Այսօր նախարարությունում նրան զգուշացրել են, որ անպայման պետք է լիցենզիա ձեռք բերի, հակառակ դեպքում կտուգանվի 50 հազար դրամով: Լիցենզավորման եւ հաշվիչ տեղադրելու համար նա պետք է 50 հազար դրամ վճարի, ամսեկան էլ 8 հազար դրամ տուրք: «Ասում եմ, գոնե մի հատ հարցում արեք` Դիլիջանում մարդկանց թիվը ինչքան է, ինչքան մարդ է մնացել, չէ՞ որ տաքսու աշխատանքը բնակիչների թվից է կախված: Գալիս ենք առավոտից կանգնում, մի մարդ կամ երկու մարդ չի նստում, իսկ իրանք պարտադրում են, չէ կամ այն, կամ այն՝ 50 հազար դրամ տուգանք»,- «Ա1+»-ին ասաց Համլետ Բադալյանը: Նրա խոսքերով՝ Դիլիջանի բոլոր տաքսու վարորդներն էլ դեմ են լիցենզավորմանը եւ 100 անհատ տաքսու վարորդներից նույնիսկ երկուսը չի կարող լիցենզիա հանել: «Օրվա հացի կոպեկ հազիվ ենք աշխատում, 30 հազար բնակչից 10 հազար չի մնացել, ինչումն է հարցը, այդ մնացողներն էլ ծերերն են ու երեխաներն են, որոնք տանից դուրս չեն գալիս»,- ավելացրեց Համլետ Բադալյանը: Նրա խոսքերով՝ իրենց գործը միայն ամռան ամիսներին է լավ լինում, երբ զբոսաշրջիկներն են այցելում Դիլիջան: