Հայաստանի ծանրամարտի հավաքականները ԱՄՆ-ից առաջ մեկնեցին Ռուսաստան
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներն այսօր առավոտյան Երեւան – Մոսկվա - Կազան չվերթով մեկնեցին Թաթարստանի մայրաքաղաք: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեր ընտրանիները, համապատասխանաբար Փաշիկ Ալավերդյանի եւ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ, Կազանում վերջին ուսումնամարզական հավաք կանցկացնեն նոյեմբերին Հյուսթոնում կայանալիք նախաօլիմպիական աշխարհի առաջնությունից առաջ: Ինչպես տեղեկացրել է ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը, Հյուսթոնում մեր ծանրորդների գերխնդիրը լինելու է օլիմպիական 5 ուղեգրերի նվաճումը: Տղամարդկանց հավաքականը աշխարհի առաջնությունում հանդես կգա հետեւյալ կազմով. Վանիկ Ավետիսյան (69 կգ քաշային կարգ), Անդրանիկ Կարապետյան, Տիգրան Մարտիրոսյան (77 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Ռուբեն Ալեքսանյան, Գոռ Մինասյան (+105 կգ): Ի տարբերություն տղամարդկանց հավաքականի, կանանց ընտրանին ունի մեկ պահեստային: Հաշվարկվող օլիմպիական վարկանիշային չորս մասնակիցների փոխարեն Հայաստանը Հյուսթոնում կունենա 5 ծանրորդուհի: Նրանք են՝ Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելա Յայլյանը (58 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ): Մեր կանանց հավաքականի կպայքարի օլիմպիական երեք ուղեգրի համար: