Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական ֆուտբոլի հերթական եվրոպական խայտառակությունը

Սպորտ
sport-futbol-woman

Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստուհիների հավաքականը անփառունակ ավարտեց ելույթները Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլում: Պորտուգալիայում կայացած խմբային մրցաշարում մեր պարմանուհիները մեկը մյուսի ետեւից պարտվեցին Իսպանիայի, Հունաստանի եւ Պորտուգալիայի թիմերին` ընդհանուր 0:18 հաշվով: Սակայն ցավալին ոչ թե գրանցված արդյունքներն են, այլ մեր ֆուտբոլիստուհիների ցույց տված օգտակար գործողության գործակիցը: Իսպանուհիների հետ խաղում մերոնք չենք կարողացել հարված կատարել մրցակցի դարպասին կամ վաստակել անկյունային հարվածի իրավունք: Իսկ ահա մրցակիցը կատարել է 29 հարված, որից 9 հասել է նպատակին: Հունաստանի հետ խաղում Հայաստանի հավաքականին արդեն հաջողվել է կատարել մեկ հարված եւ մեկ անկյունային վաստակել: Հույն ֆուտբոլիստուհիները 11 անգամ են հարվածել ուղիղ դարպասին, որից 8-ը արդյունավետ է ստացվել: Դաշտի տիրուհիների հետ խաղում միակ առաջընթացը եղել է այն, որ նրանց կատարած 21 հարվածներից միայն մեկն է հասել նպատակին: Իսկ ահա մերոնք երկու անգամ են սպառնացել մրցակցի դարպասին, ինչպես նաեւ մեկ անգամ հայտնվել խաղից դուրս վիճակում: Այս թվերը վկայում են այն մասին, որ Լիանա Հայրապետյանի ղեկավարած ընտրանին ընդհանրապես պատրաստ չի եղել նման բարձր մակարդակի մրցաշարին: Վերջում մեկ ուշագրավ փաստ այս մրցաշարից: Մեր հարեւան Վրաստանի հավաքականը նույնպես միավոր չի վաստակել ընտրական մրցաշարում, սակայն բոլորին պարտվել է ընդհանուր 0:33 հաշվով: