Մահացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանը
Կյանքից հեռացել է հեծանվասպորտի հայտնի մարզիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Ալբերտ Սուրենի Սոլոյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Ալբերտ Սոլոյանը ծնվել է 1949 թվականին Սյունիքի մարզի Ղափան քաղաքում: 1967 թվականին ավարտել է Գյումրու թիվ 28 միջնակարգ դպրոցը: Նույն տարի ընդունվել է Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտ, որը ավարտել է 1971-ին: Խորհրդային բանակում ծառայելուց հետո աշխատանքի է անցել «Աշխատանքային ռեզերվներ» կամավոր մարզական ընկերությունում: 1975թ նշանակվել է հանրապետության ազգային հավաքականի ավագ մարզիչ՝ աշխատելով մինչեւ 1997 թվականը: Նույն թվականին հրավիրվել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որպես երկրի հավաքականի գլխավոր մարզիչ: 2000-2002 թվականներին գլխավորել է Մալազիայի, 2003-2005թթ՝ Հոնգ Կոնգի, 2005-2006թթ՝ Չինաստանի հավաքականները: 2007 թվականից կրկին նշանակվել է Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ: 2008 թվականին մայիսից նշանակվել է հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, իսկ 2014-2015թթ եղել է Վրաստանի հեծանվային սպորտի հավաքականի ավագ մարզիչ: