Վարուժան Սուքիասյան. «Մրցավարի գործողություններն էլ թողնում եմ իրենց խղճին»
«Շնորհակալություն խաղի համար: Շնորհավորում եմ «Ալաշկերտին»: Մրցավարի գործողություններն էլ թողնում եմ իրենց խղճին» - Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում այսօր կայացած քառորդ եզրափակիչ «Ալաշկերտ» - «Արարատ» խաղից հետո ասաց արարատցիների գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: Սակայն այդ հայտարարությունից հետո փորձառու մասնագետը այլեւս չցանկացավ պատասխանել լրագորղների հարցերին: Ավաղ, այդպես էլ չպարզվեց, թե մրցավարը երբ եւ որտեղ էր սխալ թույլ տվել, եւ արդյոք այն ազդել էր խաղի ելքի վրա: Ինչեւէ, հանդիպումը, որը կայացավ «Նաիրի» մարզադաշտում, ավարտվեց դաշտի տերերի նվազագույն առավերլությամբ: Միակ գոլը 17-րդ րոպեին խփեց հարձակվող Միհրան Մանասյանը: «Ալաշկերտի» մարզիչ Արկադի Չիլինգարյանը, ինքնին, գոհ էր մրցավարությունից. «Մեր համար ծանր խաղ ստացվեց, քանի որ «Արարատը» մեկ օր շատ էր հանգստացել, քան մենք: Առաջին կեսում ավելի շատ էինք վերահսկում գնդակը եւ գոլ խփեցինք: Ընդմիջումից հետո սկսեցինք մտածել պաշտպանության մասին, քանի որ գավաթը երկու խաղից է բաղկացած, իսկ այս հաշիվը մեզ ձեռք էր տալիս»: Պատասխան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, սակայն արդեն երկու օր անց թիմերն արդեն կհանդիպեն առաջնության 12-րդ տուրում, եւ կրկին նույն մարզադաշտում: