«Կեղծելու կարիք էլ չկա, 650 հազար «Այո»-ն երեւելի թիվ չէ» (տեսանյութ)
«Այո»-ի շտաբի բոլոր բարձրաստիճան անդամները վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հանրաքվեին կպատրաստվեն աշխատանքից ազատ ժամերին։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է՝ որեւէ մեկը որպես այդպիսին իր մասնագիտությունը չի կիրառելու քարոզարշավի ժամանակ: Շտաբում երկու հոգի՝ Հովհաննես Հովսեփյանը եւ Լեւոն Յոլյանը, վերահսկողական լուրջ լծակներ ունեն պետական բոլոր մարմինների վրա: Ընդդիմությունն արդեն մտավախություն ունի, որ հանրաքվեն կեղծվելու է նախագահի աշխատակազմի մակարդակով։ Վահրամ Բաղդասարյանը հակադարձում է՝ «Բա ընդդիմությունը դրա համար ա, որ մի բան ասի»: ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը «Այո»-ի շտաբի բարձրաստիճան անդամների դերը հանրաքվեի իրականացման գործում չի գերագնահատում՝ սովորական մարդիկ են. «Մեզնից ամեն մեկն են եւ որեւէ բանով առավել չեն»: Իսկ ո՞ր օրվանից են Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը, Լեւոն Յոլյանը կամ նախագահի վերահսկողության վարչության պետը մեզնից մեկը, նրանց անունները տարբեր ընտրակեղծիքների հետ են կապվում, նրանք այսօր էլ նույն լծակներն ունեն. «Ես իրանց տեսնում եմ որպես մարդիկ, որոնք որ հեղինակություն, ազդեցություն ունեցող մարդիկ են, բայց ոչ վարչական լծակի առումով»: «Այո»-ի կողմնակից Հակոբ Հակոբյանի ընտանիքին պատկանող բիզնեսն ընդամենը վերջերս 650 միլիոն դրամ տուգանքի տակ էր: Այսօր նա դատարանով չեղյալ է համարել այդ տուգանքը: Հակոբ Հակոբյանը համոզված է՝ շտաբը ընտրողների վրա լծակներ չունի։ Վերահսկողական ստուգումներ կոնկրետ ո՞վ ունի: «Վերահսկիչ պալատի Յոլյանը, Հովհաննես Հովսեփյանը՝ նախագահի վերահսկողական ծառայության պետը»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շտաբի կողմից կեղծիքներներ անողների մասին բարձրաձայնող քաղաքական ուժերին ասում է՝ 2 հազար հոգի ունեցեք ընտրատեղամասերում եւ կեղծիքներ թույլ մի տվեք. «Եթե դու թողում ես տեղամասը միայն իշխող կուսակցությանը, չունես վերահսկելու հնարավորություն, ինչ ուզում, անում եմ»: Կեղծելու կարիք էլ չկա,-ասում է պարոն Ռուստամյանը,-650 հազար «Այո»-ն երեւելի թիվ չէ. «Ադմինիստրատիվ ռեսուրսի առկայությունը 22-25 տոկոսի առավելություն տալիս, դա լիուլի բավարար է, որպեսզի մյուս մեթոդները, այսպես ասած, կոպիտ հանցավոր քայլերը կեղծիքների, չկիրառվեն»: