«Ֆինանսական բուրգ»-ի գործը Վերաքննիչում է (տեսանյութ)
«Ֆինանսական բուրգ» անունով հայտնի գործը հասել է Վերաքննիչ դատարան: Առաջին ատյանի դատավճռից դժգոհ է ինչպես գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը, այնպես էլ գործով մեղադրողը եւ տուժողները: Արթուր Անդրեասյանը մեղավոր է ճանաչվել Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ մինչեւ վերջերս Երեւանում գործող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի անունները շահարկելով տարբեր քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի գումարներ եւ անշարժ գույք հափշտակելու մեջ: Պաշտպան Մնացական Սարգսյանը դատարանից միջնորդում է արդարացնել 10 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Անդրեասյանին: Դատարանի որոշմամբ նրանից 200 մլն դրամի բռնագանձում պետք է կատարվի: « Եթե գործով ցանկացած իրավաբան ծանոթանա եւ ասի, որ այս ապացույցը հիմնավորում է չարաշահումը, ես կհամաձայնվեմ դրան եւ կասեմ, որ նա խարդախ է»,- «Ա1+»-ին ասաց Արթուր Անդրեասյանի պաշտպան Մնացական Սարգսյանը: Պաշտպանի խոսքերով՝ Արթուր Անդրեասյանի արարքում բացակայում է խարդախության հանցակազմի տարրը, եւ եթե դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ, կստացվի, որ քաղաքացիներից ամեն երկրորդը կարող է խնդիրներ ունենալ: «Ելնելով սոցիալական վիճակից՝ բոլորն էլ ունեն պարտքեր, եւ եթե պարտքը վերցնում են եւ ժամանակին չեն կարողանում վերադարձնել, փաստորեն դուրս է գալիս, որ դու խարդախ ես»,- նշեց փաստաբան Մնացական Սարգսյանը: Նա հիշեցնում է, որ իր պաշտպանյալը պարտք է վերցրել, զբաղվել է բիզնեսով, մինչեւ ձերբակալումը պատշաճ վճարել է տոկոսներ, որեւիցե մեկին վստահությունը ձեռք բերելու եւ չարաշահելու խնդիր չի ունեցել: Ի դեպ, այսօրվա դատական նիստին չէր ներկայացել գործով մեղադրող Արթուր Երիցյանը: Նա իր վերաքննիչ բողոքում միջնորդել է ամբաստանյալի նկատմամբ ավելի խիստ պատիժ սահմանել: Առաջին ատյանի դատարանում նա միջնորդել էր Արթուր Անդրեասյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման եւ բռնագրավել 422 մլն դրամի չափով գումար: Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 9-ին: