ՄԻԵԴ վճիռը Հայաստանի համար բարոյակա՞ն հաղթանակ է (տեսանյութ)
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը խորհուրդ է տալիս «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» ՄԻԵԴ վճիռը Հայաստանի համար հաղթանակ չհամարել: «Արդյո՞ք սա մեր հերթական բարոյական հաղթանակն է: Նա հատուկ գնացել էր անարգելու մեր ողբերգությունը, դատարանը դա հաշվի չառավ, դատարանը կայացրեց որոշում հօգուտ Փերինչեքի»,- «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպանը. Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանը հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը: Դատարանը գտել էր, որ Շվեյցարիան խախտել է Հայոց ցեղասպանությունը ժխտող Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը: Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը նշում է, որ որպես երրորդ կողմ Հայաստանի պահանջները բավարարվեցին. «Եվրոպական դատարանը հաստատեց, թե իրավասու չէ եւ չի միջամտելու Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը: Եթե ասում ենք հաղթանակ, մենք նկատի ունենք մեր պահանջները բավարարվելու իմաստով»: Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն էլ համոզված է, որ Եվրոպական դատարանը Փերինչեքի գործով նոր իրավունք տվեց հայերին. «Հայերը իրավունք ունեն իրենց նախնիների, Ցեղասպանության զոհերի արժանապատվությունը պաշտպանելու իրավունք՝ այդ թվում իրենց ազգային էթնիկ ինքնատիպությունը պահելու իրավունք»: Նրա խոսքերով՝ սա նշանակում է, որ հայի ինքնությունը ձեւավորվել է եւ յուրաքանչյուր հայ կարող է պահանջատեր լինել: