«Մարդիկ հոգնել են այս վիճակից, ժամանակն է, որ խաղաղություն լինի». Ուորլիքի ուղերձը (տեսանյութ)
Մինչև տարեվերջ տեղի կունենա Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը: Այս մասին այսօր հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մենք այստեղ ենք ճշգրտելու հանդիպման ամսաթիվը: Տեղյակ ենք, որ դեկտեմբերին Հայաստանում հանրաքվե է նախատեսված և պետք է այնպես անել, որ մինչև տարեվերջ նախագահներն իրենց գրաֆիկի մեջ կարողանան օր հատկացնել հանդիպման համար: Վերջին 18 ամսվա ընթացքում տեղի է ունեցել չորս հանդիպում մեկ կամ երկու ժամով, սակայն սա բավարար չէ»,- նշեց նա: Ամերիկացի համանախագահը Հայաստանում է տարածաշրջանային հերթական այցի շրջանակում, վաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախ. «Մենք կհատենք շփման գիծը, մեզ անհանգստացնող առաջին հարցը բռնության և լարվածության աճն է, վերջին շրջանում սահմանում կիրառվում է ծանր զինատեսակներ: Այս պահի հիմնական խնդիրը սահմանամերձ շրջաններում դիպուկահարների առկայությունն է, օգտագործվում են նաև նռնականետեր: Այս ընթացքում շատ կյանքեր են խլվել, և դա կործանարար է, երկու կողմից էլ անմեղ կանայք և երեխաներ են զոհվում»: Ըստ նրա՝ լարվածության էական աճի կբերի նաև Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը. «Բաքվում Ղարաբաղի անկախության ճանաչումը կդիտվի պրովոկացիա: Ես ասել եմ, որ ճանաչումը կարող է դառնալ պրովոկացիա, հատկապես երբ լարվածությունը մեծանում է: Կողմերից ոչ մեկը պիտի պրովոկացիայի չգնա»: Տարիներ շարունակ Հայաստանի կողմից բարձրացվել է սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծման հարցը, ինչո՞ւ վերջնականորեն լուծում չի տրվում սրան: Պարոն Ուորլիքը պատասխանում է. «Այն բարձրացվել է մոտ երեք տարի առաջ: Այս գաղափարը չի մերժվել Բաքվի կողմից, և հանդիպումների ժամանակ Իլհամ Ալիևը նշել է, որ ինքը բաց է այս հարցի քննարկման համար: Հետաքննությունների մեխանիզմն անհրաժեշտություն է, որպեսզի կողմերից մեկը չմեղադրի մյուսին և մենք կարողանանք ասել, թե ով է հրադադարի ռեժիմի խախտողը»: Ամերիկացի համանախագահի խոսքով՝ չի կարող Ղարաբաղյան կոնֆլիկտը լուծվել առանց փախստականների հարցի լուծման. «100000-ավոր փախստականներ կան տարածաշրջանում, վերջնական կարգավորում չի կարող լինել՝ առանց նրանց վերադարձի իրենց տներ: Այժմ ընթացքող բանակցությունների թույլ կողմն այն է, որ կողմերը շեշտը դնում են սկզբունքներից մեկի վրա, սակայն վերջնական լուծում պետք է լինի՝ բոլոր սկզբունքների և հարցերի շուրջ համաձայնության դեպքում»: Ջեյմս Ուորլիքը ուղերձ հղեց նաև Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիներին՝ ճնշում գործադրել իշխանությունների վրա խաղաղություն հաստատելու. «Մարդիկ հոգնել են այս վիճակից, բավական է այս ամենը, ժամանակն է, որ խաղաղություն լինի, ժամանակն է՝ իշխանություններին խաղաղության ուղերձ հղել, որից կշահեն երկու պետությունները»: