Իշխանափոխության օր՝ դեկտեմբերի 1. կայրի՞ ՀՀԿ-ականն իր անդամատոմսը (տեսանյութ)
Փրկիչները որոշել են Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու մոբիլիզացիայի օրը՝ դեկտեմբերի 1-ին։ «Նոր Հայաստան» փրկության ճակատի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը այսօր հայտարարեց. «Մենք հրավիրում ենք մեր ժողովրդին ոչ այնպես, որ հերթական անգամ հավաքվենք Ազատության հրապարակում եւ նորից վերադառնալու ենք տուն: Ոչ: Այդպես չի լինելու»: Ժիրայր Սեֆիլյանը վստահեցնում է, որ այս անգամ ընդվզումն անխուսափելի է՝ իրենք կանգնելու են, եւ թող իշխանությունը փորձի բռնություն գործադրել. «Եթե նրանք այս անգամ եւս համարձակվեն խաղաղ բնույթի պայքարի դուրս եկած ժողովրդի վրա բռնություն կիրառեն, նրանք պիտի ստանան համարժեք պատասխան բոլորիս կողմից: Առաջինը իմ կողմից»: Ժիրայր Սեֆիլյանն ասում է նաեւ, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի իշխանափոխությունը չդառնա տեւական գործընթաց. «Մեր ժողովուրդը պատրաստ չէ երկարաշունչ պայքարի այս ռեժիմի դեմ: Սա փաստ է, մեր ժողովուրդը պատրաստ է պոռթկալու այս ռեժիմի դեմ»: Ճակատն արդեն մտածել է նաեւ ժողովրդի վստահության կառավարության մասին, որը Սերժ Սարգսյանի հեռացումից հետո պետք է երկիրը նախապատրաստի արտահերթ խորհրդարանական եւ նախագահի ընտրություններին, որից նրա կոռումպացված թիմը պետք է հեռու մնա։ Ճակատի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը նշում է. «Եթե այդ համակարգը ինչ-որ ձեւով մասնակցի ընտրություններին, բնականաբար ինքը այն ռեսուրսները, որ այս տարիներին կենտրոնացրել է իր ձեռքերում, ֆինանսական, մարդկային, նա ի չարս է գործադրելու»: Զարուհի Փոստանջյանը ոչ մի անիրականանալի բան չի տեսնում անհնազանդության ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու մեջ՝ ումի՞ց պետք է վախենանք. «Այս անձը՝ Սերժ Սարգսյանը ո՞վ է՝ նա մի մարդ է, սովորական, իր վախերով իր թուլություններով, իր նաեւ այս տարիների ընթացքում նաեւ փոքրությամբ։ Մենք այս փոքրիկ մարդկանցից չենք վախենում»: Ընդդիմությունը միասնական է՝ սա հավաստում է Զարուհի Փոստանջյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը իշխանություններին զգուշացնում է՝ հույս չունենաք, որ կպառակտվենք. «Մենք մերժում ենք այս ռեժիմը եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանից այս ռեժիմը հեռանա։ Եվ մենք միասնական ենք այս սահմանադրական փոփոխությունների մերժման խնդրում»: Պարոն Զուրաբյանը հիշեցնում է, որ նոր Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանն ուզում է հավերժացնել իր իշխանությունը. «Հավերժացում բառն իհարկե մի քիչ ավելորդ էր, չնայած ցողունացմանը, այնուամենայնիվ, բոլորս մահկանացու ենք»: Աշոտ Մանուչարյանն արդեն խոսում է, թե էլ ինչ պետք է արվի իշխանափոխությունից հետո՝ կասեցնել ժողովրդին թալանած բանկերի գործունեությունը եւ ընդերքի կողոպուտը, լավ է նաեւ, որ իշխանափոխության օրը հրապարակվեց. «Եթե մենք հավաքում ենք ժողովրդին այդ առաջարկով, գալու է նաեւ Հանրապետական կուսակցության մեծամասնությունը, տոմսերը այրելու համար»: