Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-Իրան գործարար համաժողով. վարչապետին «ազատեցին» լրագրողներից

Տնտեսություն
gov5

Հայաստան-Իրան գործարար համաժողովին, որը տեղի էր ունենում Կառավարության ընդունելությունների տանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների համար շատ կարեւոր է տրանսպորտային միջոցների զարգացումը, մասնավորապես խոսքը վերաբերում է Հյուսիս-Հարավ, ՀՀ-Իրան ճանապարհների կառուցմանը: Ըստ նրա՝ էներգետիկայի բնագավառի համատեղ ծրագրերը, մասնավորապես Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը, նոր որակ կհաղորդեն տարածաշրջանի էներգետիկայի զարգացմանը. «Այս համաժողովը կօգնի բացահայտել ՀՀ-ն՝ որպես հնարավորությունների երկիր՝ կրթված, աշխատասեր ու աշխարհագրական բարենպաստ դիրքով, յուրաքանչյուր նախաձեռնությունների նկատմամբ գործարարների վրա հիմնված կարողություններ»: Վարչապետը նաեւ նշեց, որ նոյեմբերին համաժողով կլինի նաեւ Թեհրանում, որին մեծ հետարքրքություն է ցուցաբերել գործարար հատվածը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն իր ելույթում նշեց, որ մինչեւ 2036թ. իրականացվելիք երկկողմ միջոցառումներից առավել կարեւորը էներգետիկ շուկայի ազատականացումն է, որը բխում է ԵՄ տնտեսությանը միանալու ու ստանձնած պարտավորությունների պահանջներից. «ՀՀ-Վրաստան, ՀՀ-Իրան 400 բարձրավոլտ հզորության էլեկտրահաղորդիչ լարերի անցկացումը կարեւոր նշանակություն կունենա: Իսկ Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցումը ՀՀ էներգահամակարգի մեջ է ներառվելու՝ նախնական 130 մեգավատ հզորությամբ»: Նա նաեւ նշեց, որ ՀՀ-ն պատրաստ է համագործակցել նաեւ հանքարդյունաբերության ոլորտում եւ աջակցություն ցուցաբերել, մանավանդ երբ համապատասխան օրենքում փոփոխություններ տեղի ունենան, որն էլ կնպաստի ներդրումներին: Ի դեպ, այսօրվա համաժողովին լրագրողների համար այնքան էլ բարենպաստ պայմաններ չէին ստեղծվել: Նախ լրագրողների հիմնական մասին չթույլատրվեց ներկա լինել համաժողովի դահլիճում, այլ տեղավորվել հարակից սրահում, որտեղ տեխնիկական հնարավորությունները, մեղմ ասած, ապահովված չէին՝ չէր լսվում ելույթ ունեցողների ձայնը: Բացի այդ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գալուց հինգ-տասը րոպե առաջ կազմակերպիչները պարտադրեցին լրագրողներին մտնել նախատեսված սրահը ու դուրս չգալ, քանի որ վարչապետն էր գալու: Իսկ համաժողովին գերակշռում էին իրանցի գործարարները: