Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չի բացառվում, որ Վահան Բաբայանը դառնա հանձնաժողովի նախագահ

Քաղաքականություն
vahan-babayan

ԲՀԿ պատգամավոր, ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Վահան Բաբայանը չի բացառում, որ կարող է լինել ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահը: «Մեր խմբակցությունը ներկայացրել է իմ թեկնածությունը, քանի որ ես 2012թ. տվյալ հանձնաժողովում աշխատում եմ: Եթե ԱԺ Կանոնակարգի համաձայն տեղի ունենա փոփոխություն, եւ ես լինեմ հանձնաժողովում, իհարկե, չի բացառվում, որ ես կգլխավորեմ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց պատգամավորը: Մեկ ամիս է, ինչ մեկնարկել են ԱԺ 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանի աշխատանքները, սակայն մինչ օրս դեռ պարզ չէ` Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի կազմն ու նախագահը: Ըստ ԱԺ Կանոնակարգի` հանձնաժողովի կազմը եւ նախագահը պետք է փոփոխվեն ռոտացիոն կարգով, ինչը դեռ տեղի չի ունեցել: Այն պահից սկսած, երբ հանձնաժողովի արդեն նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհանիսյանը դարձավ Արդարադատության նախարար, հանձնաժողովի աշխատանքները պասիվացել են: Ի դեպ, հանձնաժողովի վարույթում կար ընթացիկ մի հարց, որի քննարկումն անավարտ է մնացել: Խոսքը վերաբերում է ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի սպառնալիք-հայտարարությունների վերաբերյալ Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի դիմումին: Առաքել Մովսիսյանը սպառնացել էր «բռնաբարել» եւ «գլխատել» նրանց, որոնք վիրավորական արտահայտություններ են թույլ տվել Պաշտպանության նախարարի ու նրա տիկնոջ հասցեին: Վահան Բաբայանը նշեց, որ ընթացիկ հարցերի հետ կապված այս պահին լիազորված չէ խոսել հանձնաժողովի անունից. «Երբ որ լինի որոշակիություն, ես անպայման լրատվամիջոցներին տեղյակ կպահեմ: Այո, այդ գործը մեր ուսումնասիրության կենտրոնում է»: Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ռոտացիոն փոփոխությունները հաստատվում են ԱԺ նախագահի կողմից: