«Ոչ»-ի գաղափարը մեզ համար բավարար չէ. Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)
Փրկիչները սահմանադրական հանրաքվեն կփորձեն ձախողել «Ոչ»-ի ճակատից դուրս։ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանն ասում է՝ «Ոչ»-ի գաղափարը մեզ համար բավարար չէ։ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած կենտրոնում այսօր հավաքվել էին «Նոր Հայաստան» փրկության ճակատը։ Օրեր առաջ նրանք «Ոչ»-ի ճակատում էին, որը նրանց պակաս արմատական էր թվում։ «Մեր ասածը «Ոչ»-ից առավել է նրանով, որ քաղաքական ուժերը, ընդդիմադիր ուժերը պիտի համախմբվեն այս ռեժիմից ձերբազատվելու գաղափարի շուրջ եւ նախընտրելի է այդ ձերբազատումը տեղի ունենա մինչ հանրաքվեն»,- նշում է Սեֆիլյանը։ Փրկիչների ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Ոչ»-ի ճակատի կողմնակիցներին համարում է Սերժ Սարգսյանի վարչախմբի խաղի կանոններով խաղացող ուժ. «Մենք սկսում ենք ավելի ռադիկալ պրոցեսներ եւ համագործակցության որեւէ խնդիր, կարծում եմ, չենք ունենա»։ Փրկիչների ճակատը գնում է նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրությունների՝ անպայման ազատվելով Սերժ Սարգսյանից։ Լրագրողները նկատեցին, որ «Ոչ»-ի ճակատն էլ է մտադիր ազատվել գործող նախագահից։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությամբ՝ «Որեւէ խնդիր գոյություն չունի, մենք կոնսուլտացիաների մեջ ենք բոլորս բոլորիս հետ»։ Հնչեց հարց, ըստ որի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը կարող է ստվերել նոր Սահմանադրության հանրաքվեն ձախողելու ծրագիրը՝ ժողովուրդը չի իմանա, թե ինչի վրա կենտրոնացնի ուշադրությունը։ Անդրեաս Ղուկասյանը դա չի էլ հերքում. «Մեր երկրում ըստ էության կա երեք քարոզարշավ՝ դա ավանդական քարոզարշավն է իշխանական ուժերի, պետական ամբողջ ռեսուրսով, ձեզանից մեծ մասի ներգրավմամբ, դա «Այո»-ի քարոզարշավն է, մյուս քարոզարշավը դա «Ոչ»-ի՝ գնալ Սահմանադրության հանրաքվեին եւ քվեարկել «Ոչ», այդ քարոզարշավն է, մենք հանդես ենք գալիս նոր օրակարգով եւ նոր քարոզարշավով՝ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների քարոզարշավը»։ Փաստ է, որ Հայաստանի անկախությունից ի վեր ընդդիմությանը երբեք չի հաջողվել գործող իշխանությանը տապալել, ինչու՞ այդ ընդդիմությունը պետք է հաջողի այս օրերին, ի՞նչ նոր բաղադրատոմս է ավելացրել ընդդիմությունը պայքարի մեջ. ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ «Քաղաքացիական անհնազանդության միջոցով պարտադրել այս ռեժիմի հեռացում»։ Ի դեպ, Անդրեաս Ղուկասյանն ավելացնում է՝ մեր ժողովուրդն ակտիվանում է ընտրությունների ժամանակ, այսօր սակայն թեկնածուներ չկան, կան գաղափարներ. «Գաղափարի շուրջ ավելի հեշտ է համախմբվել, քան այս կամ այն քաղաքական գործչի, սուբյեկտի շուրջ, սա առավելություն է»։