«Սահմանային միջադեպերը չեն դադարելու, եթե նախահարձակ չլինենք» (տեսանյութ)
«Մենք զիջելու, հանձնելու ոչինչ չունենք։ Մենք ունենք կորցրած տարածքներ, որոնք ուզում ենք հետ բերել։ Բայց մենք կողմ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։ Նրա խոսքերով՝ սահմանային միջադեպերը չեն դադարելու, եթե մենք քաղաքական, ռազմական,տնտեսական ուղղություններով նախահարձակ չլինենք։ Հատկապես այն պահին, երբ Ադրբեջանի տնտեսությունը խորը ճգնաժամ է ապրում։ ՊՆ նախկին փոխնախարարը դրական է գնահատում ներկայիս փոխնախարար Դավիթ Տոնոյանի այն կարծիքը, որ Ադրբեջանի ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջեւ բանակցային սեղանին դրված են լինելու նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը։ «Ես չեմ համարում, որ Դավիթ Տոնոյանի խոսքերը խոսում են սեփական դիվանագիտության պարտության ընդունում, ոչ նա խոսում է որպես ռազմական գործիչ եւ ճիշտ է ասում, որ մենք պետք է նոր պայմաններով պարտադրենք Ադրբեջանին գնալ հաշտության»,- նշեց Վահան Շիրխանյանը։ Պաշտպանության նախկին փոխնախարարը հիշեցրեց, որ դեռեւս 90- ական թթ-ից Հայաստանն ընդունել է պաշտպանական դիվանագիտության տարբերակը, ինչը բերեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին։ Դրանից հետո էլ Հայաստանում դասեր չեն քաղել, ինչն էլ բերել է Ադրբեջանի հարձակողական դիվանագիտությանը։