«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամներին բերման են ենթարկել
«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամներից մի քանիսն այս գիշեր Երեւանի կենտրոնական փողոցների պատերին մտադիր էին գրել «Ոչ»՝ այսպիսով մարդկանց իրազեկել հոկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում սպասվող համապետական հանրահավաքի մասին։ Մեզ հետ զրույցում «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ ոստիկանությունը միջամտել է նախաձեռնության անդամներին իրականացնելու իրենց իրազեկման ակցիան եւ նրանց տեղափոխել են Կենտրոնի ոստիկանություն. «Մոտ մեկ ժամ պահելուց հետո մեր ընկերներին բաց են թողել, մինչ այդ նրանց ստիպել են, որ բոլորը հեռախոսներն անջատեն։ Ակտիվիստների նկատմամբ վարչական վարույթ է իրականացվել»։
Իրազեկմանը մասնակցում էին Հրայր Մանուկյանը, Կարպիս Փաշոյանը, Հայկ Ավետիքյանը եւ Արթուր Մինասյանը։ Մեր այն հարցին, թե արդյոք բռնություն կիրառվե՞լ է ակտիվիստների նկատմամբ, թե ոչ, Հրայր Մանուկյանն ասաց. «Անձամբ ինձ ու Կարպիս Փաշոյանին բռնի ուժով չեն տարել, մենք հանգիստ նստել ենք մեքենան, Արթուր Մինասյանի ու իր մյուս ընկերոջ նկատմամբ թեթև ուժ կիրառել են։ Ոստիկանները շատ-շատ էին կենտրոնում, պարեկայինները, գումարած` շատ մեքենաներ, որ անգամ բաժնից դուրս գալուց հետո մեզ անընդհատ հետևում էին»։
«Չեք անցկացնի» նախաձեռնությունը վաղը կշարունակի իրազեկման ակցիան։
Սա այն գրաֆիտիի նկարն է, որ ոստիկանները սեւացրել են
