«ՀՀԿ-ական թաղի տղերքին ավելի հեշտ է բան հասկացնել, քան ինտելեկտուալներին»
Ավագանին ավելի շատ ձեւական կառույց է. արձանագրում է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ Երեւանի մամուլի ակումբի կազմակերպած խաղարկային ասուլիսի ժամանակ: Հասարակական հիմունքներով աշխատող ավագանու անդամներն, ըստ Ստյոպա Սաֆարյանի, նույնիսկ չեն էլ ուզում մասնակցել նիստերին. «Մենք ներսում հավասարաչափ չենք աշխատում: Խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը մի քանի անգամ ավելի նամակ է ստանում, քան ամբողջ ավագանին միասին վերցրած»: Իսկ ԲՀԿ խմբակցությունը երկու տարի հետո է հայտնաբերել, որ նիստերին գոյություն ունի հարցուպատասխանի ինստիտուտ: Ստյոպա Սաֆարյանն ավելի շատ հիասթափված է ավագանու ՀՀԿ խմբակցության ինտելեկտուալ հատվածից, քան ՀՀԿ-ական թաղի տղերքից. «Վերջիններիս ավելի հեշտ է բան բացատրել, ավելին՝ նրանք նիստերին ավելի կոռեկտ ու զուսպ են, քան ինտելեկտուալները, որոնք ժամանակ չունեն հարցեր քննարկելու»: Արդյոք ՀՀԿ-ականներին չի մտահոգում, որ քաղաքապետարանը մեծ գումարներ է ծախսում, ասենք, հյուրերին կոնյակ նվիրելու վրա; Իսկ օրերս էլ երիտասարդական մի նախաձեռնությամբ առաջարկվում է Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների վրա մեծ փողեր ծախսելու փոխարեն, միջոցներն ուղղել որեւէ սահմանամերձ գյուղի կարիքները հոգալուն: Միթե ՀՀԿ-ականն այս հարցով չի կարող դիմել քաղաքապետին. «Ա1+» -ի այս հարցին Ստյոպա Սաֆարյանը պատասխանում է. «ՀՀԿ-ականներն ավելի կաշկանդված են որեւէ հարց բարձրացնել, նրանք իրավունք չունեն խնդիրներից խոսել, նրանց նկատողություն կտան դրա համար: Օրինակ, մեծ քննարկման առարկա դարձավ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի պահվածքը Միկոյանի արձանի տեղադրման հարցը քննարկելիս: Նա ասաց՝ բռնադատվածի թոռ եմ ու Միկոյանի արձանին դեմ եմ, սա մեծ պատմություն դարձավ, մեծ աղմուկ եղավ: Իրենք մտածում են՝ Երեւանի քաղաքապետից այն կողմ մարդ չկա, մենք ով ենք, որ որոշենք, մեխանիզմն այնպիսին է, որ մեկը մյուսից է կախված, իրենք խնդիր ունեն»: Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ նույն ՀՀԿ-ականներն էլ հասկանում են, որ Նունե Եսայանի համերգին տասնյակ միլիոններ տրամադրելն աբսուրդ է, բայց փաստն այն է, որ ամեն անգամ վեր են կենում ու ասում՝ «Շնորհակալություն պարոն տարոն Մարգարյանին… Հուսով եմ, որ տաշիտուշիներին վերջ կտրվի գոնե հիմա»: Արդյոք ավելի արդյունավետ չէր լինի «Բարեւ Երեւանի» աշխատանքը, եթե ՀԱԿ-ը չբոյկոտեր ու մասնակցեր ավագանու աշխատանքներին: «Ավելի հեշտ կլիներ, եթե ավելի շատ լինեինք, ցավում եմ, բայց չհասկացանք, որ մեր երկրում բոյկոտը հաստատ ավելի լավ չէ, քան մասնակցությունը, մեր երկրում բոյկոտը հաստատապես ավելի մեծ արդյունք չի տալիս»,- եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը: Խաղարկային ասուլիսը կազմակերպվել էր «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում: