Ժամանակն է կարգի հրավիրելու Ադրբեջանի ղեկավարությանը. փոխարտգործնախարար
ԱԳ նախարարի տեղական Շավարշ Քոչարյանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին Հարց. Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կգնահատեք Նյու-Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի Հայաստանի խաղաղ բնակավայրերի գնդակոծումը, որի հետեւանքով 3 կին է զոհվել: Պատասխան. Արդեն ավանդական են դարձել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարության սադրիչ գործողությունները՝ ուղղված բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի վիժեցմանը: Այդ նպատակով խաղաղ բնակավայրերի տարեց կանանց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և ականանետերի թիրախ դարձնելը՝ արտահայտությունն է քնած հային կացնահարելու և նենգ մարդասպանին հերոսացնելու, մոլորված խաղաղ բնակչին ցուցադրաբար խոշտանգումներով տանջամահ անելու Ադրբեջանի ղեկավարության քարանձավային մտածելակերպի և վարվելակերպի: Հասունացել է ժամանակը համարժեք գնահատական տալու և կարգի հրավիրելու առաջին հերթին սեփական ժաղովրդի ապագան վտանգող Ադրբեջանի ղեկավարությանը: