Վեց ուժերն ստորագրեցին համագործակցության մասին հռչակագիր (տեսանյութ)
Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ազգային ինքնորոշում միավորում» , «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայաստան» կուսակցությունները, «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը, Հիմնադիր խորհրդարանը և Հայաստանի քաղաքագետների միությունն այսօր ստորագրեցին հռչակագիր, որով ազդարարեցին հասարակական-քաղաքական ուժերին միավորող համագործակցության ստեղծման մասին։ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը նշում է, որ այս միավորմանը կարող են միանալ այն առողջ քաղաքական և հասարակական ուժերը, որոնք ևս դեմ են իշխանությունների առաջարկած Սահմանադրական փոփոխություններին. «Մեր նպատակը ոչ միայն Սահմանադրական հեղաշրջումը տապալելն է, այլև իշխանությունը զավթած ռեժիմին հեռացնելը։ Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին միավորվել այս համագործակցության շուրջ և օր առաջ փրկել Հայրենիքը վերահաս վտանգից»։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս այս միավորման ստեղծման նպատակը տեսնում է իշխանությունների հեռացումը. «Այս համախմբումը պետք է ծառայի երկրում իշխանափոխություն իրականացնելուն և ժամանակավոր կառավարություն կազմավորելուն»։ Սեպտեմբերի 21-ին ևս այս ուժերը պատրաստվում են հավաքվել և հայտնել, թե ինչպես կկոչվի միավորումը։