Գագիկ Ծառուկյանը կվճարի ողջ գումարը՝ միանգամից (տեսանյութ)
Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանի Մասիսի խաղողի մթերման կայանում խաղողագործներին այսօր հանդիպեց Գագիկ Ծառուկյանը։ Վերջինս խոստացավ, որ մթերումը սկսվելու է երկուշաբթի օրվանից եւ ողջ բերքը մթերվելու է։ «Տեսնելով, որ մի քիչ խառնաշփոթություն կա, ես այսօր եկել եմ հատուկ ձեր հետ հանդիպելու, քննարկելու, լուծում տալու, որ դուք հանգիստ, ինքներդ հանգիստ խղճով գնաք»,- ասաց գործարարը։ Նա միաժամանակ նշեց, որ գործարանը խաղողի այդքան պահանջարկ չունի, որքան առաջարկում են գյուղացիները, սակայն ինքը կընդառաջի նրանց եւ խաղողը կընդունի ամբողջությամբ՝մեկ կգ-ի համար վճարելով 150 դրամ։ «Ես ինձ շատ լավ եմ զգում, որ կարողանում են ձեզ օգտակար լինել, ձեր մատից ինչ-որ փուշ հանել։ Մենք բոլորս պետք է կարողանանք մեզ նեղություն տանք, աջակցենք, որ ոտքի կանգնեք։ 150 դրամով ընդունելու եմ, ոչ թե մեկ տարի հետո եմ գումարը տալու, այլ անմիջապես ստանալու եք, որ ծնող պահեք, երեխա կերակրեք, որ ձեր հոգսերի խնդիրը լուծեք եւ ձմեռվա նախապատրաստություն տեսնեք»,- ասաց նա։ «Դուխներդ տեղը պահեք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը եւ հեռացավ։ Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի եւ Արարատի մարզի բնակիչները բողոքի ակցիաներ էին կազմակերպել՝ փակելով միջպետական ճանապարհները։ Նրանք բողոքում էին, որ մթերման գործընթացն ուշանում է, գործարանները քիչ են մթերում, եւ ողջ բերքը փչանում է։